Լեռնային Ղարաբաղից հեռացող և այնտեղ վերադարձող մարդկանց համար պետք է ապահովվի անվտանգ անցում. Մեթյու Միլլեր

ԱՄՆ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանական վերջին լայնածավալ հարձակումից հետո ստեղծված իրավիճակով և կարծում է, որ և՛ Արցախից հեռացող, և՛ այնտեղ մնացող հայերի իրավունքները պետք է պաշտպանվեն:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, թեմային անդրադառնալով, ԱՄՆ-ի համար կարևոր երեք հիմնական կետ է առանձնացրել:

«Մենք մտահոգված ենք ստեղծված իրավիճակով: Ես կասեմ հետևյալը՝ մենք կարևոր ենք համարում, որ առաջին՝ պահպանվի հրադադարը, որն այժմ գոյություն ունի, և որ հետագա ռազմական գործողություններ չլինեն, երկրորդ՝ բավարարվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքները, և երրորդ՝ Ադրբեջանն ու Հայաստանը հասնեն տևական խաղաղության համաձայնագրի», – նշել է Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում:

Խոսնակը նաև կարևորել է, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը կարողանան մնալ իրենց տներում «խաղաղությամբ և արժանապատվությամբ, իրենց իրավունքների և անվտանգության հանդեպ հարգանքով», եթե նրանք որոշեն մնալ:

«Իսկ նրանց համար, ովքեր ցանկանում են հեռանալ (խմբ.՝ Արցախից) և վերադառնալ (խմբ.՝ Արցախ), պետք է ապահովվի անվտանգ անցում, որը կվերահսկի չեզոք, անկախ երրորդ կողմը: Ադրբեջանը պատասխանատվություն ունի՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց, ապահովելու մարդկային վերաբերմունք բոլորի նկատմամբ, այդ թվում նրանց, ում կասկածում է մարտիկ լինելու մեջ», – ասել է Միլլերը:

Տեսանյութեր

Լրահոս