Փաշինյանը 2020թ. նոյեմբերին ԼՂ կարգավիճակի հարցը գալիք սերունդներին թողնելու վերաբերյալ ջենթլմենական համաձայնությանը հետևելու փոխարեն, ենթարկվեց Արևմուտքի հորդորներին. ՌԴ ԱԳՆ

Տարածաշրջանային հարցերում Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը գալիք սերունդներին թողնելու վերաբերյալ ջենթլմենական համաձայնությանը հետևելու փոխարեն, ենթարկվեց Արևմուտքի հորդորներին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

«Պրահայում և Բրյուսելում նա որոշել է գործել՝ հենվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին՝ ճանաչելով Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Սա հիմնովին փոխեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման պայմանները, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի վիճակը։ Հայաստանի ղեկավարության անհեռատեսության պատճառով հնարավոր չեղավ կյանքի կոչել Հայաստանի անվտանգության ամրապնդման ոլորտում մի շարք պայմանավորվածություններ, մասնավորապես, Փաշինյանը չստորագրեց վեց երկրների բոլոր արտգործնախարարների կողմից արդեն համաձայնեցված որոշումը՝ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստանի՝ Ադրբեջանին սահմանակից շրջաններ։

Իրավիճակը թեժացրել է նաև պաշտոնական Երևանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ԼՂ-ում հայկական զինված ուժերի շարունակական ներկայության ժխտումը, ինչը դարձել է վերջին սեպտեմբերյան էսկալացիայի հիմնական պատճառներից մեկը։ Սեպտեմբերի 20-ին ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը Հայաստանի մնացած ստորաբաժանումները դուրս բերելու և «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը» ծանր տեխնիկայի և սպառազինության դուրսբերմամբ ամբողջությամբ զինաթափելու վերաբերյալ, բացահայտեց իրական պատկերը և նախադրյալներ ստեղծեց կայուն դեէսկալացիայի համար:

Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ռիթմիկ աշխատանքի փոխարեն դեպի Արևմուտք վազել նախընտրած Հայաստանի ղեկավարության անհետևողական դիրքորոշման հետևանքով 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը կանգ է առել։

Կորսվել է թանկարժեք ժամանակ, որի ընթացքում կարելի էր զգալի առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի համաձայնեցման, սահմանի սահմանազատման և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման առումով, ինչը կդառնար Հայաստանի համար անվտանգության լրացուցիչ գործոններ։ Հատկանշական է նաև, որ Եվրամիության հովանու ներքո անցկացված վերոհիշյալ Պրահայի և Բրյուսելի հանդիպումներում Հայաստանի վարչապետը, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չի հիշել Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության մասին։

Նույնիսկ այսօր մենք պաշտոնական Երևանի կողմից չենք տեսնում որևէ լուրջ շահագրգռվածություն՝ օգնելու լուծել ԼՂ-ում հրատապ խնդիրները. խոսքը հրադադարի պահպանման, հումանիտար իրավիճակի բարելավման և Բաքվի և Ստեփանակերտի միջև կայուն երկխոսության հաստատման համար բարենպաստ պայմանների ստեղծման մասին է»,- ասվում է հայտարարությունում:

 

Տեսանյութեր

Լրահոս