Պարոն Կալաշնիկով, 2018թ. ապրիլին հանդիպեցիր Փաշինյանի հետ, ասացիր՝ Նիկոլը նորմալ տղա է, հակառուս չէ. հիմա որ ձեզ գցեց, նախկիննե՞րն են մեղավոր, իսկ Շահնազարովը, եթե նախկինների ժամանակ գար Արցախ, կտեսներ, որ «հայը կզցրած ուներ թուրքին». Էդուարդ Շարմազանով
«Գլուխը պատով է տվել Լեոնիդ Կալաշնիկովը, եթե նման բան է ասել: Կալաշնիկովն ինձ շատ լավ է ճանաչում, միասին աշխատել ենք: Այսինքն՝ ինքը մեր ղեկավարությամբ է աշխատել: Ես եղել եմ ՀԱՊԿ խորհրդի անդամ, ինքը՝ ՀԱՊԿ խորհրդի անդամ էլ չի եղել, հանձնաժողովի անդամ էր, Պետդումայի ղեկավարների հետ գալիս էր, ուրախանում էր, որ մեզ բարևում էր, հիմա արդեն գնահատականներ է տալիս, թե նախկին իշխանությունները տվե՞լ են»,- այսօր առավոտյան տեղի ունեցած անհնազանդության խաղաղ ակցիաներից հետո 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովի այն հայտարարությանը, թե իր տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել նախկին իշխանությունները՝ Արցախը հանձնելու համար:
Նա իր խոսքում դիմեց Լեոնիդ Կալաշնիկովին:
«Պարոն Կալաշնիկով, Շարմազանով Էդուարդի հիշողությունը տեղն է: 2018թ. ապրիլին, երբ որ ՌԴ Պետդումայի պատվիրակությունը եկավ Հայաստան, և դու հանդիպեցիր Նիկոլ Փաշինյանի հետ, ուրախ-ուրախ դուրս եկար այդ հանդիպումից և բոլորիս ներկայությամբ ասացիր՝ դե, Նիկոլը լավ էլ տղա է, իր դիմաց մի քանի հարց ենք դրել՝ ռուսական ռազմաբազան չհանի, ՀԱՊԿ-ից դուրս չգա, Եվրասիականից դուրս չգա, 1997թ.-ի հայ-ռուսական մեծ պայմանագիրը չխզի, ինքն էլ ընդունել է մեր առաջարկը»,– հիշեցրեց ՀՀԿ ԳՄ անդամը:
Վերջինս նշեց՝ Կալաշնիկովի երկրորդ առաջարկը եղել է այն, որ այդ ամենը Փաշինյանն ասի հրապարակային:
«Նիկոլը Կալաշնիկովի խնդրանքով, հորդորով, պահանջով թե փոխադարձ պայմանավորվածությամբ հարցազրույց է տվել և ասել, որ ինքը հակառուս չէ, որ ՀԱՊԿ-ից դուրս չի գալու, մեծ պայմանագիրը չեղյալ չի հայտարարելու, բազան էլ դուրս չի գալու: Հիմա Կալաշնիկովն իր կերած բողկերը գցում է նախկին իշխանությունների գրպա՞նը. չի ստացվի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ ԳՄ անդամը հիշեցրեց նաև, որ «մինչ վերջերս, նույնիսկ պատերազմից հետո, երբ հայ ժողովուրդը դուրս էր եկել՝ Նիկոլին վռնդելու, ո՞վ պաշտպանեց Նիկոլին: Ո՞վ էր ասում՝ Никол не предатель»:
«Հիմա որ ձեզ Նիկոլը գցել է, նո՞ր եք հիշել: Բա հազար անգամ նույն ռուսներին ասել եմ՝ Արցախը հանձնողը դաշնակցին մի վայրկյանում կխուրդի, հիմա էս ի՞նչ եք սկսել: Խնդրում եմ սա թարգմանեք: Ինքն ինձ լավ է ճանաչում, շատ լավ, ու չի կարող ստել ու ասել, որ նման բան չի եղել: Կրկնում եմ՝ 2018թ. ապրիլին, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Կալաշնիկովը Պառլամենտում հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ ու Մոսկվա հիացական զեկուցում էր իր ղեկավարներին, որ Նիկոլը նորմալ էլ տղա է, ի՞նչ է եղել, ինքը հակառուս չէ, սա Հանրապետականների մուտիտներն է, որ ինքը հակառուս է: Հիմա ուզում է մեր գրպանը գցե՞լ: Հիմա հանգիստ վեր ընկեք տեղներդ ու ձեր կերած բողկերը մեզ վրա մի գցեք: Դուք մտածեք, որ մի երկրում ունեցել եք այդքան ուժեղ ներկայություն, ու էսօր ձեր դրածո Նիկոլը կամ ձեր պաշտպանած Նիկոլը թռել է ձեզնից: Ու մեզ մի մեղադրեք: Դուք եք Նիկոլին տաքացրել ու դուք էինք Նիկոլին գովաբանում: Էլ չասեմ, որ պատերի տակ նախկին իշխանություններից ինչքան էիք բամբասում: Թե՞ չգիտենք, որ ձեր Պառլամենտի ղեկավարները հայտարարում էին՝ հիմա չտեսնված հայ-ռուսական հարաբերություններ են, ՀՀ Ազգային ժողովի այսօրվա ղեկավարները հաճախ էին գալիս Մոսկվա: Էն ժամանակ Գալուստ Գրիգորիչի (ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան-. Գ.Ս.) գրպանն էիք գցում, թե իշխանությունները չէին գալիս»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Վերջինս կրկին հիշեցրեց՝ «համ դուք եք ասել՝ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, համ Նիկոլի թիմն է ասել՝ զարգացնում ենք այդ հարաբերությունները: Էդ հիմա դուք իրար տվել, բաժանվել եք, Նիկոլը ձեզ գցել է, գցում եք նախկինների գրպա՞նը: Գնացե՛ք, ձեր յուղով տապակվեք»:
Անդրադառնալով ծագումով հայազգի, ռուս կինոռեժիսոր Կարեն Շահնազարովի այն մտքին, թե Արցախն ու Շուշին անառիկ ամրոց էին, և հնարավոր չէր դրանք հեշտությամբ վերցնել, եթե բավարար չափով ամրացված լինեին, ՀՀԿ ԳՄ անդամն ասաց՝ իր մոտ տպավոություն է, որ ռուսական քաղաքական և քաղաքագիտական միտքը փորձում է փրկել իրենց հեղինակությունը:
«Ես հայ-ռուսական դաշնակցության կողմնակից եմ եղել և կամ, բայց ծիծաղելի է, երբ որ մեծ պետության, այն էլ՝ Ռուսաստանի Դաշնության նման պետության ներկայացուցիչները փորձում են իրենց պարտականության չկատարումը սրբագրել ուրիշ բաներով: Այն, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, Հայաստանի թշնամին է, բոլորս գիտենք, ու իրենք էին Նիկոլ Փաշինյանին պաշտպանում մեզնից: Բայց չի կարելի մարդկանց էշի տեղ դնել ու ասել՝ Հայաստանը պարտվել է, որովհետև նախկին 20 տարին կոռուպցիա է եղել ու укрепленный район-ներ չեն եղել: Կարեն Շահնազարովը նույնպես գլուխը պատովն է տվել: Ալիևից կոռումպացված մարդ եղե՞լ է… Կարող է՝ Էրդողանն է մեկ էլ: Կարո՞ղ է Ալիևը ժողովրդավարության տիպար է: Այնպես են խոսում, կարծես Հայաստանը կոռումպացված էր, իրենք էլ սրբություն սրբոցն ե՞ն: Արևմուտքն էլ, Ռուսաստանն էլ, իրենց շահից ելնելով, Ալիևի կոռուպցիան էլ են մոռացել, բռնաճնշումներն էլ են մոռացել, հայ ժողովրդի Ցեղասպանությունն էլ՝ Արցախում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Իսկ ինչ վերաբերում է «ուկրեպ ռայոններին», ԱԺ նախկին փոխնախագահը նկատեց, որ երբ Կարեն Շահնազարովը նախկին իշխանություններին խորհուրդ է տալիս, եթե նախկինների ժամանակ գար Արցախ, կտեսներ, որ նախկինների ժամանակ «հայը կզցրած ուներ թուրքին»:
«Նախկինների ժամանակ՝ 2016թ., Սերժ Սարգսյանի օրոք, պատերազմ եղավ, 4-րդ օրը Ադրբեջանը նույն ՌԴ Գլխավոր շտաբի ղեկավար Գերասիմովին աղաչում էր հրադադարի մասին: Սերժ Սարգսյանի, նախկինների ժամանակ Հայաստանն էլ, Ղարաբաղն էլ այնքան ուժեղ են եղել, որ պատերազմից հետո Ալիևն էր լացում, որ փակ դռների հետևում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ Կալաշնիկովն իրենից առնվազն ՀԱՊԿ-ում հազար անգամ լսել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացումը այլընտրանք չունի, և իրենք էլ, որպես ռուսական պատվիրակություն, և՛ Վոլոդինի, և Նարիշկինի ժամանակ ընդունել են հայկական կողմի դիրքորոշումը, որ երեք հիմնարար սկզբունքների հիման վրա պետք է խնդիրը լուծվի:
«Իսկ Ալիևը թքեց բոլոր համանախագահների՝ թե Ռուսաստանի, թե Ֆրանսիայի, թե ԱՄՆ-ի երեսին, երբ ուժով խնդիրը լուծեց: Ու դա իրենց ամոթն է: Էն, որ Կառավարության շենքում նստողը ոչ հայ է, ոչ էլ հայության հետ կապ ունի, բոլորս գիտենք, բա իրե՞նք… Իրենք անելիք չունե՞ն, ասում են՝ «Алиев умный, мудрый лидер»… 2016թ. տեսնեիք՝ էդ լիդերը ոնց էր կզել»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:
Մանրամասները՝ տեսանյութում: