Երևանի ավագանու արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում չենք ստացել․ ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի տվյալները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է՝ Երևանի ավագանու ընտրությունների ձայների վերահաշվարկն ավարտվել է, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում կառույցը չի ստացել։

Հաղորդագրությունում նշված է․

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 23-ի արտահերթ նիստում քննարկեց Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների քվեարկության օրվանից հետո ներկայացված դիմում-բողոքները։ Մասնավորապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության և «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության դիմումները։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունն իր դիմումով ներկայացրել էր քվեարկության օրը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացրած դիտարկումների արդյունքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա վարչական վարույթի հարուցումը մերժեց։ Սակայն, մեկ այլ որոշմամբ, իր նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում անդրադարձավ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված բոլոր դիտարկումներին՝ տալով դրանց գնահատականը։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից խնդրել էր քննության առնել իրենց նախորդ՝ ՀՀ Ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետից ուշ ներկայացված դիմումը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց մերժել «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության դիմումը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն ամփոփելու է սեպտեմբերի 24-ին, ժամը 15։00-ին։

ԿԸՀ-ն ամփոփել է նաև Երևանի ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի տվյալները։

Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ստացել։ Նման դիմումներ ներկայացնելու ժամկետը սահմանված է եղել մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 18։00-ն»։

Նշենք, որ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայները բաշխվել են այսպես՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 32,5 տոկոսը, «Ազգային առաջընթացը»՝ 18,9 տոկոսը, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 15,4 տոկոսը, «Հանրապետությունը»՝ 11,3 տոկոսը, «Հանրային ձայնը»՝ 9,7 տոկոսը։ Մյուս կուսակցությունների հավաքած ձայներն անցողիկ 4 տոկոսից պակաս էին։

Տեսանյութեր

Լրահոս