
Վրաստանի վարչապետն առաջարկ է արել Բաքվին և Երևանին

Վրաստանի իշխանությունը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկում է ներգրավվել «Խաղաղ հարևանության նախաձեռնության» մեջ։ Այս հայտարարությունն արել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում։
Նշենք, որ Ղարիբաշվիլին «Խաղաղ հարևանության նախաձեռնությամբ» հանդես եկավ 2021 թվականի վերջին։ Նա հարևաններին առաջարկեց կողմերի միջև ոչ պաշտոնական երկխոսության տարածաշրջանային հարթակ ստեղծել։ 2022 թվականի հուլիսին Թբիլիսիում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին երկկողմ հանդիպումը։
«Մենք պատրաստ ենք մեր հարևան ու բարեկամ Հայաստանին և Ադրբեջանին ներգրավել այս գործընթացում, որպեսզի Հարավային Կովկասում վերջապես կայուն խաղաղություն հաստատվի»,- ասել է վարչապետը: