Արգենտինայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների մասին
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ սանձազերծած հարձակումներին։
Նա նկատել է, որ պատերազմի հետևանքները նկատելի են ոչ միայն մարդասիրական առումով, այլ դրանք ազդեցություն կունենան համաշխարհային մակարդակով գնաճի վրա։
Արգենտինայի նախագահը հիշեցրել է, որ օրեր առաջ անդրադարձել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հարցին։
«Հենց այսօր, երբ անցկացվում է այս նստաշրջանը, հայտնի դրաձավ, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սանձազերծել՝ Լեռնային Ղարաբաղը վերահսկողության տակ վերցնելու նպատակով»,- զգուշացրել է նա։
Ֆերնանդեսն ընդգծել է, որ միջազգային հանրությունը չի կարող պասիվ մնալ նման իրողության առջև: Այն պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկի, որպեսզի խուսափի էթնիկ, ռասայական, կրոնական կամ քաղաքական նոր հետապնդումներից: «Ինչպես միշտ, մենք շարունակում ենք պահանջել, որ կողմերը ճանապարհ գտնեն դեպի խաղաղություն»,-ասել է նա:
Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ից շարունակվող լայնամասշտաբ ահաբեկչության հետևանքով ժամը 22։30-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղում զոհերի թիվը հասել է 27-ի, այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ։ Վիրավորների թիվը գերազանցում է 200-ը։ Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին: Ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ։