Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը Բաքվին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին Բերբոքը հայտարարել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանի կուլուարներում։

«Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի գնդակոծությունը և վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ», – Բերբոքի խոսքերն է վկայակոչում ՏԱՍՍ գործակալությունը։

Ըստ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ հիմնական խնդիրը Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության պաշտպանությունն է։

«Դա նաև այնտեղ տեղակայված ռուսաստանցի զինվորների խնդիրն է», – ասել է Անալենա Բերբոքը։

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն, ըստ Բերբոքի, հնարավոր է միայն բանակցությունների սեղանի շուրջ: Նախարարը պարզաբանել է, որ Գերմանիայի կառավարությունն աջակցում է Եվրամիության գլխավորությամբ անցկացվող բանակցություններին։

«Հաշվի առնելով այսօրվա էսկալացիան՝ սա ավելի արդիական է, քան երբևէ», – ընդգծել է Գերմանիայի արտգործնախարարը։

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է 2 զոհ (1 երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։

Տեսանյութեր

Լրահոս