Այս ռազմական սրումը չպետք է օգտագործվի որպես պատրվակ՝ ստիպելու տեղի բնակչությանն արտագաղթել. Բորել

Եվրամիությունը դատապարտում է ռազմական սրումը շփման գծի երկայնքով և Ղարաբաղի այլ վայրերում։ ԵՄ-ն ցավում է սրման հետևանքով մարդկային կորուստների համար։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունում:

«Մենք բռնությունների և Ադրբեջանի կողմից ներկա ռազմական գործողությունների դադարեցման կոչ ենք անում։ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությանը վերադառնալու հրատապ անհրաժեշտություն կա: Այս ռազմական սրումը չպետք է օգտագործվի որպես պատրվակ՝ ստիպելու տեղի բնակչությանն արտագաղթել։ Բռնությունը պետք է դադարեցվի՝ խաղաղության և կարգավորման բանակցությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար։

Համաձայնեցված արդյունքների հասնելը պահանջում է բոլոր կողմերի անկեղծ հանձնառությունը: ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում երկխոսության դյուրացմանն օժանդակելուն»,- ասվում է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս