ԼՂ ԱԳ նախարարությունը պահանջում է, որ միջազգային հանրությունը գործուն քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար

Արցախի արտաքին գործերի նախարարությունը պահանջում է, որ միջազգային հանրությունը շատ կարճ ժամանակահատվածում գործուն քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար: Արցախում իրավիճակի հետ կապված՝ լրագրողների հարցերին ի պատասխան՝ հայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը:

«Միջազգային դերակատարներին բազմիցս հայտնել ենք, որ կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ և հանցավոր կեցվածքը: Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը շատ կարճ ժամանակահատվածում գործուն քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար»,- ասել է ԱԳ նախարարը:

Նա նշել է, որ վերջին շրջանում ամենօրյա ռեժիմով Ադրբեջանական կողմը իրականացրել է բանակային տեղաշարժեր և տարբեր զինատեսակների կուտակումներ, որոնք ուղեկցվել են ինտենսիվ տեղեկատվական-քարոզչական աշխատանքներով՝ հող նախապատրաստելով Արցախի դեմ լայնածավալ ագրեսիայի համար:

Սերգեյ Ղազարյանը հիշեցրել է, որ արցախյան կողմը շարունակաբար բոլոր դերակատարներին նախազգուշացրել է 2020 թ. պատերազմից հետո Ադրբեջանի կողմից աննախադեպ ռազմական ուժի կուտակումների անհերքելի փաստի և հնարավոր սադրանքների մասին, այդ թվում՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունների կանխման ակնկալիքով:

«Ինչպես տեղյակ եք՝ վերջին 24 ժամվա ընթացքում ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն է տարածել, որ իբր թե արցախյան կողմը դիվերսիոն գործողությունների է իրականացրել, հրետակոծության ենթարկել ադրբեջանական դիրքերը: Իսկ քիչ անց նրանք տարածել են տեղեկատվություն, որ սկսել են այսպես կոչված «հակաահաբեկչական գործողություն», ինչը վկայում է նրա մասին, որ այս բոլոր քայլերը նախապես ծրագրավորված են եղել:

Սա լրիվությամբ տեղավորվում է վերջին ամիսների ընթացքում հայկական կողմի՝ Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների մասին հաղորդումներին: Այժմ մենք ականատեսն ենք, թե ինչպես է Ադրբեջանը իր ցեղասպան քաղաքականության իրականացման գործում անցնում խաղաղ բնակչության ֆիզիկական բնաջնջմանը և քաղաքացիական օբյեկտները ոչնչացնելու գործողություններին»,- ասել է Սերգեյ Ղազարյանը:

Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ Ադրբեջանն Ասկերանի ուղղությամբ ականանետ է կիրառել, Ժամը 13։20-ի սահմաններում ԼՂ բնակիչներից տեղեկություններ են ստացվել, որ գնդակոծության ձայներ են լսվում նաև Ստեփանակերտում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնպես հաղորդագրություն է տարածել այդ մասին՝ փաստացի չթաքցնելով ԼՂ տարածքում ռազմական գործողություն իրականացնելու փաստը:

Տեսանյութեր

Լրահոս