«Իշխանություններն անգամ ձայների 10%-ը չստացան. նրանց գնալու ժամանակն է». Նաիրա Կարապետյան
Սեպտեմբերի 18-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք փորձաքննությունից հետո կհատկացվեն համապատասխան գերատեսչություններին և կօգտագործվեն՝ ըստ կարիքների: Տեղեկացնում են նաև, որ մի քանի օր հետո կրկին նույն ուղղություններով ՌԴ Ռոստով քաղաքից բեռների տեղափոխում է նախատեսվում ԿԽՄԿ-ի մեքենաներով:
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանն անտեղի է համարում քննադատությունները, թե ինչու են Արցախի իշխանությունները համաձայնել, որ Բերձորի միջանցքին զուգահեռ՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով ևս արտասահմանյան բեռներ մտնեն Արցախ:
«Այն, որ զուգահեռ բացվել է Բերձորի միջանցքը, դա Ադրբեջանի տապալումն է: Փորձեմ փոքր-ինչ բացել փակագծերը. Ադրբեջանը, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանի համար պնդում է, որ Արցախի Հանրապետությունն իր տարածքն է, և իր բնակիչներին նա հասցնում է մարդասիրական օգնություն: Ինչպես տեսաք, չանցավ ադրբեջանական բեռնատարը: Հարց է ծագում, թե ինչու է դեմքը փրկելու համար Ադրբեջանը տարածում, որ բեռները պետք է տեղափոխվեն իր Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, չէ՞ որ ծիծաղելի է, եթե դա քո տարածքն է, ապա բեռների տեղափոխումը որևէ ձևով որևէ օրենքի չպետք է ենթարկվի, որովհետև դու քո երկրի ներսում ես, ինչպես դու ես պնդում: Երրորդ՝ առաջին բեռնատարը երբ մտավ, Ադրբեջանը փորձեց պահել իր սովորական գործելաոճը և չբացեց Հակարիի կամուրջը և, առաջին անգամ վերջին երեք տարվա մեջ, հասցեական հնչեց, որ Ադրբեջանը խախտել է պայմանավորվածությունը: Այս հանգամանքներն Ադրբեջանի համար այդքան էլ հաճելի չեն և այդքան էլ հաղթանակ չեն, ինչպես Ադրբեջանն է փորձում ներկայացնել»,- այսօր 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նաիրա Կարապետյանը նկատեց՝ անհերքելի փաստ է, որ եթե Ակնայի ճանապարհով գալու է բացառապես մարդասիրական բեռ ռուսական, ոչ ադրբեջանական բեռնատարներով, ապա Ադրբեջանի տարածքը դառնում է ռուս խաղաղապահ զորախմբի համար պալիգոնի պես մի բան. «Ռուսներն այդ ճանապարհը սկսելու են շահագործել շատ ավելի հաճախակի, քան դա դուր կգար Ալիևին»:
Նա շեշտեց՝ Արցախում նոր նախագահի գալով՝ սկսվեցին փոփոխություններ, ինչն Ադրբեջանին, բնականաբար, դուր չեկավ. «Նոր նախագահի պարագայում Ադրբեջանից սկսեցին պնդել, որ երկխոսություն հնարավոր չէ: Մենք ունենք անցնելու երկար և դժվար ճանապարհ, որը սկսվել է: Զարթոնքը, որը նաև միջազգային խաղացողներին գետնի վրա եղած իրականությունը ներկայացնելն է, սկսված է: Թե ուր կհասնենք, ճանապարհին կլինի ագրեսիա, թե ոչ, թե կկարողանանք դիվանագիտական ճանապարհով հասնել մեր բաղձալի նպատակին, դա ժամանակը ցույց կտա»:
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ նա նկատեց՝ իշխանություններին չօգնեց անգամ նրա փոքրաթիվ հանրահավաքը, և փշրվեց իշխանությունների այն համոզմունքը, որ իրենք անպարտելի են. «Հավատացեք, այստեղ էլ են լինելու գործողություններ: Եթե Երևանի ընտրություններին, ունենալով ադմինիստրատիվ ռեսուրս, թաղային հեղինակություններ, ահռելի գումար, իշխող ուժը չի հավաքում անգամ ընտրողների ձայների 10 տոկոսը, իսկ նրանք չեն հավաքել 10 տոկոսը, 825 հազարից նրանց չի քվեարկել 10 տոկոսը, դա նշանակում է, որ նրանց գնալու ժամանակն է: Ինչպես սիրում էր արտահայտվել Նիկոլ Փաշինյանը՝ իշխանությունը փողոցում դրված է»:
Նրա խոսքով՝ գործող իշխանությունները գնացել են շատ ու շատ դավաճանական զիջումների. «Երբեմնի թուրքական երազանքը դառնում է իրականություն՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքերով: Ես նորից հղում անեմ ավագանու ընտրություններին. Ուրախ եմ, որ գոնե Երևանի ընտրողների 70 տոկոսը չգնաց ընտրությունների, քանի որ հասկացավ, որ հարցը ՏԻՄ մակարդակով լուծվող չէ, պետք է լուծել գլխից: Դա նշանակում է, որ շատ լավ հասկանում են՝ Փաշինյանն այդքան էլ ժամանակ չունի, և պետք է քամեն առավելը, ինչ հնարավոր է նրանից: Այո, Նիկոլ Փաշինյանն այդ համաձայնությունը տվել է, և ես կասկածում եմ, որ նա այդ համաձայնությունը տվել է անգամ 2020թ. կապիտուլյացիոն փաստաթղթից անմիջապես հետո: Ադրբեջանական զորքերի կուտակումը նաև դրա մասին է, որ նա ձգձգում է կատարել իր խոստումները, նրան ուղղակի փորձում են ահաբեկել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում