Ռուսաստանի և Չինաստանի միջև մրցակցությունը դառնալու է ավելի կոշտ ու պրագմատիկ. Վահե Դավթյան
Քաղաքագետ, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը քիչ առաջ տելեգրամյան իր ալիքում գրել է.
Ռուս-թուրքական էներգետիկ կապերը մտնում են ճգնաժամային փուլ: Ավելի շուտ՝ արդեն մտել են:
Օրերս հայտնի դարձավ Մոսկվայի կողմից Թուրքիայում գազային հաբի ձևավորման կասեցման մասին: Այժմ էլ ի հայտ է գալիս ևս մի կարևոր հանգամանք, որը թույլ է տալիս խոսել թուրքական էներգետիկ աշխարհաքաղաքականության խորքային փոխակերպումների մասին:
Դեռևս հստակ չէ, բայց կան բոլոր հիմքերը կանխատեսելու, որ Թուրքիայի Սինոպ քաղաքում ատոմակայանի կառուցման աշխատանքները կիարականացվեն Չինաստանի կողմից, և, ինչն առավել կարևոր է, չինական ներդրումներով: Ընդ որում, ընդամենը ամիսներ առաջ Անկարան հայտարարում էր նախագծի շուրջ Մոսկվայի հետ սկզբունքային համաձայնություն ձեռքբերելու մասին՝ հաշվի առնելով «Աքքույու» թուրքական առաջին ԱԷԿ-ի կառուցման գործում թուրք-ռուսական հաջողված համագործակցությունը:
Խնդիրն ունի մի քանի շերտ:
1.Ռուսաստանի և Չինաստանի միջև մրցակցությունը գնալով ձեռք է բերելու նոր ծավալներ ու նոր որակ՝ դառնալով ավելի կոշտ ու պրագմատիկ: Վերջերս Չինաստանում հրատարակված քարտեզում Ռուսաստանի որոշ տարածքների ներառումը Չինաստանի սահմանների ներքո այդ մրցակցության դրսևորումներից է: Սակայն խնդիրը առավել խորապես հասկանալու համար հարկ է անդրադառնալ ս.թ. մարտին ընդունված ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգին, որում Ռուսաստանը գրեթե հավասարության նշան է դնում Չինաստանի ու Հնդկաստանի միջև՝ ընդգծելով դրանց հավասար կարգավիճակը Մեծ Եվրասիայի ձևավորման գործում: Դա չէր կարող բացասաբար չընկալվել Պեկինի կողմից, որի մրցակցությունը Նյու Դելիի հետ շատ խորը և բազմաշերտ բնույթ է կրում:
Մոսկվայում հասկանում են, որ երկարաժամկետ-ռազմավարական առումով Պեկինին ձեռնտու է Ռուսաստանի պարտությունը, քանի որ այդ պարագայում Ռուսաստանի միակ ելքը կլինի Չինաստանի աշխարհաքաղաքական վասալ դառնալը: Այժմ ռուս-չինական ռազմավարական հակասությունների թնջուկը (որը երկու կողմերի պրոպագանդիստները շարունակում են դաշինք որակել) իր դրսևորումն է ստանում առանցքային ուղղություններից մեկում՝ միջուկային էներգետիկայում:
Վերջերս մասկանցում էի միջազգային մի ֆորումի, որի ժամանակ ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության նախկին տնօրեն Պետրեուսը հնչեցրեց հետևյալ կարծիքը. «Եթե Ռուսաստանի և Չինաստանի միջև ձևավորվի դաշինք, ապա ակնհայտ է, որ դա հավասարների դաշինք չի լինելու»: Կրեմլում դա ևս շատ լավ հասկանում են և ըստ այդմ էլ սահմանում են արտաքին քաղաքականության ուղենիշները:
2. Չինաստանի ակտիվացումը Թուրքիայի միջուկային էներգետիկայի ոլորտում նշանակելու է վերջինիս ինտեգրումը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը: Դա, իր հերթին, թույլ կտա Անկարային ավելի լուրջ լծակներ ստանալ Հարավային Կովկասի ճակատագիրը կանխորոշելու գործում: Կա հստակ աշխարհաքաղաքական օրգանիկա, որի համաձայն Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները, որպես կանոն, իրենց անդրադարձն են ունենում Հարավային Կովկասի վրա: Իսկ Մերձավոր Արևելքում Չինաստանն այլևս բավականին ակտիվ խաղացող է՝ հաշվի առնելով իրանա-արաբական «հալոցքի» կազմակերպումը: Հանդես գալով հատկապես որպես Իրանի առանցքային գործընկեր, իսկ ապագայում գուցե նաև՝ որպես դաշնակից, Չինաստանը ապահովում է սեփական ներկայացվածությունը նաև Հարավային Կովկասում, որն այդքան կարևոր է եվրասիական նշանակության տրանսպորտային ուղրների մշակման գործում: Նաև այս համատեքստում է պետք դիտարկել միջուկային համագործակցությունը Պեկինի և Անկարայի միջև:
3. Չնայած ույղուրների հարցում Պեկինի և Անկարայի դիրքորոշումների սկզբունքային տարբերությանը, կողմերը, տակտիկական նկատառումներից ելնելով, կարող են գնալ մերձեցման ճանապարհով՝ արտաքին որոշ մարտահրավերներին համաչափ պատասխան տալու համար: Օրերս G20 շրջանակներում ընդունվեց կոմյունիկե «Մերձավորարևելյան միջանցքի» մասին, որը միաժամանակ ռիսկեր է ստեղծում թե՛ թուրքական տրանսպորտային-լոգիստիկ ռազմավարության, թե՛ չինական «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության համար: Երկուսն էլ, փաստացիորեն, շրջանցվում են, ինչը ստիպում է կողմերին առնվազն որոշակի սինխրոնիզացիա ապահովել տրանսպորտային և էներգատրանսպորտային հարեցրում:
Պայքարը Մեծ Եվրասիայի համար մտնում է շրջադարձային փուլ: