Էջմիածնի 37-ամյա բնակչին 4 դրվագով մեղադրանք է ներկայացվել՝ խարդախությամբ հափշտակություն կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է էջմիածնի 37-ամյա բնակչի կողմից խաբեությամբ խոշոր չափի գումար հափշտակելու դեպքերի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

Իրականացված քննչական ու վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված անձը հանցավոր մտադրությունն իրականացրել է խարդախության երկու սխեմայով։

Մասնավորապես, «List.am» կայքէջում և «Facebook.am» սոցիալական ցանցում նա տեղադրել է գոյություն չունեցող բնակարանների վարձակալության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալների պարունակությամբ հայտարարություններ։ Դրանց հետքերով նշված բնակարանները վարձակալությամբ ձեռք բերել ցանկացող երկու տարբեր անձանցից, որոնցից մեկը ՀՀ քաղաքացի, մյուսը՝ օտարերկրացի, որպես վարձավճար, 37-ամյա անձը ստացել է առաջինի դեպքում 320 000, երկրորդի դեպքում՝ 100 000 ՀՀ դրամ, հափշտակել նշված գումարները՝ դադարեցներով նրանց հետ հետագա հաղորդակցությունը:

Շարունակելով հանցավոր գործունեությունը՝ երկու այլ տուժողների պարագայում նա գործադրել է խարդախության մեկ ուրիշ սխեմա:

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ Էջմիածին քաղաքի նշված բնակիչը օնլայն տաքսի-հավելվածի միջոցով միևնույն օրը պատվիրել է ավտոմեքենաներ։

Տաքսու վարորդների հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որ վերջիններս 600 եվրո գումար փոխանցեն իբր Հրազդան քաղաքում բնակվող իր ծանոթին: Վարորդների մոտ վստահություն ձեռք բերելով՝ նրանցից վերցրել է մի դեպքում 13.000, մեկ այլ դեպքում՝ 25 000 ՀՀ դրամ գումար՝ պայանավորվածությամբ, որ երբ նրանք փոխանցեն նշված 600 եվրո գումարը հասցեատերերին, վերջիններս վարորդին կվերդարձնեն իր կողմից վերցված գումարները։ Սակայն տեղ հասնելուց հետո պարզվել է, որ Հրազդան քաղաքում նման անձինք գոյություն չունեն, իսկ փոխանցված 600 եվրոն հուշանվեր-թղթադրամներ են:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 37-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը: Նախաքննության ընթացքում 37-ամյա տղամարդն ընդունել է մեղքը, տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս