ԱՄՆ-ի համար առաջնահերթություն են Լաչինի միջանցքի անհապաղ բացումն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատումը

ԱՄՆ-ի համար առաջնահերթություն են ինչպես Լաչինի միջանցքի վերաբացումը, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատումը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Վաշինգտոնի համար առաջնահերթ այս խնդիրներից նա խոսել է ՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի՝ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյի այցին Երևան, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին։

«Նա (խմբ․՝ Լուի Բոնոն) շարունակում է շփումները կարճաժամկետ առաջնահերթության, այն է՝ Լաչինի միջանցքի վերաբացման, և, իհարկե, երկարաժամկետ առաջնահերթության, այն է՝ ընդհանուր խնդրի վերաբերյալ խաղաղ լուծման հասնելու շուրջ, ինչը ես անվանում եմ երկարաժամկետ, բայց մենք իսկապես ցանկանում ենք, որ դա տեղի ունենա հնարավորինս շուտ», – ասել է Մեթյու Միլլերը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի բնակչության վիճակին՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը կրկնել է Լաչինի միջանցքի անհապաղ բացման կարևորությունը։

«Մենք ուզում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի։ Մենք դա հստակ ասել ենք։ Պետքարտուղար Բլինքենը շփումներ է ունեցել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ հստակեցնելու, որ մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի՝ Լեռնային Ղարաբաղում իսկապես սարսափելի հումանիտար իրավիճակը հանգուցալուծելու համար», – ասել է Միլլերը։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս