Կիմ Չեն Ընը Ռուսաստանում այցելել է ավիաշինական գործարան
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակներում ծանոթացել է Ամուրի Կոմսոմոլսկում գտնվող ավիաշինական գործարանի ինժեներային կենտրոնի և արտադրամասերի հետ։ Այս մասին հաղորդվում է ՌԴ կառավարության կայքում։
Կիմ Չեն Ընը դիտել է կործանիչների հավաքման գործընթացը, ինչպես նաև Սու-35 ինքնաթիռների և հինգերորդ սերնդի Սու-57 ավիացիոն համալիրի վերջնական հավաքման արտադրամասը։
Այցի վերջում ԿԺԴՀ ղեկավարը և ՌԴ փոխվարչապետ, արտադրության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հետևել են Սու-35 բազմաֆունկցիոնալ կործանիչի ցուցադրական թռիչքին։
ԿԺԴՀ ղեկավարը ՌԴ էր ժամանել նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով։ Սեպտեմբերի 13-ին Պուտինն ու Կիմ Չեն Ընը բանակցություններ են վարել «Վոստոչնի» տիեզերակայանում ինչպես պատվիրակությունների մասնակցությամբ, այնպես էլ դեմ առ դեմ։
Ռուսաստանն առաջին երկիրն է, ուր Կիմ Չեն Ընն այցելում է կորոնավիրուսի համավարակից ի վեր։ Իր հերթին Կիմ Չեն Ընը Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել Հյուսիսային Կորեա։