Բաժիններ՝

Ֆրանսիան ծրագրում է արգելել մեկանգամյա օգտագործման վեյփ սարքերը

Ֆրանսիան նախատեսում է արգելել մեկանգամյա օգտագործման վեյփ սարքերը, քանի որ դրանք վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի և հանրային առողջության համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը RTL ռադիոկայանին հարցազրույցում հայտարարել է, որ այս միջոցառումը կառավարության կողմից մշակվող հակածխախոտային նոր ծրագրի մաս է կազմում։

Նմանատիպ արգելքի մասին հայտարարել են նաև եվրոպական այլ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Բելգիան և Իռլանդիան։ Իսկ Մեծ Բրիտանիայում քննարկում են մեկանգամյա օգտագործման վեյփ սարքերի արգելը։

Նման վեյփ սարքերը Ֆրանսիայում արժեն մոտ 9 եվրո՝ 20 ծխախոտ պարունակող 1 տուփից ավելի էժան։ Մեկ վեյփն իր մեջ պարունակում է շուրջ 600 ծուխ՝ 40 ծխախոտին համարժեք։

Ֆրանսիայի բժշկության ազգային ակադեմիան մեկանգամյա օգտագործման վեյփերը բնութագրել է որպես «հատկապես նենգ ծուղակ երեխաների և պատանիների համար»։ Դրանք արտադրվում են գունային տարբեր վառ երանգներով և տարբեր համերով, որոնք գրավում են երիտասարդներին։

Ըստ «Ծխախոտի դեմ դաշինք» կազմակերպության՝ 13-16 տարեկան դեռահասների 13 %-ը թեկուզ մեկ անգամ փորձել է վեյփ։ Շատերը սկսել են դեռ 11-12 տարեկանում։

Մեկանգամյա օգտագործման վեյփ սարքերն արգելելու կողմնակիցները նաև շեշտել են դրա բնապահպանական վտանգները։ Մեծ Բրիտանիայում կատարված հետազոտության ընթացքում պարզվել է, որ ամեն շաբաթ աղբն է նետվում ավելի քան մեկ միլիոն սարք․ դրանք պատրաստված են պլաստիկից և պարունակում են 0,15 գրամ լիթիումով մարտկոց, ինչպես նաև նիկոտինի աղեր և ծանր մետաղների հետքեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս