ՀՀ իշխանությունների խաղը վտանգավոր է. Իրանը դա ընդգծեց՝ իմանալով, որ հայկական կողմը թաքցնելու է. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ՝ հայ-ամերիկյան զորավարժությունների վերաբերյալ ռուսական և իրանական կողմի քննադատությունները պայմանավորված են նրանով, որ Հայաստանի իշխանությունները սկսել են խաղալ կողմերի լարվածության վրա, ինչը, ըստ նրա՝ չափազանց վտանգավոր է:

«Ի տարբերություն նախորդ տարիներին անցկացված հայ-ամերիկյան զորավարժությունների՝ այն ժամանակ աշխարհում իրավիճակն այլ էր, ԱՄՆ-ը և ՌԴ-ն պայքարում էին ահաբեկչության դեմ, և կային որոշակի ընդհանրություններ: Այդտեղ շատ գրագետ աշխատանք էր տարվում այդ ընդհանրությունների դաշտում խաղալու ուղղությամբ: Իսկ հիմա կան շատ լուրջ հակասություններ, և մենք հաշվի չենք առնում, որ կողմերը՝ և՛ ՌԴ-ը, և՛ ԱՄՆ-ը, չափազանց զգայուն են միմյանց նկատմամբ, ցանկացած պրոցեսի նկատմամբ, որն առնչվում է հակառակորդ կողմին: Այդ լարվածությունը մենք սխալ ենք պրոյեկտում և չենք կարողանում ճիշտ կողմնորոշվել, թե ինչ է պետք այս վիճակում անել: Մոսկվայի ռեակցիան հենց դրանով է պայմանավորված»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ բնական համարելով և՛ ՌԴ, և՛ Իրանի արձագանքը:

«Այս զորավարժությունները չեն նշանակում, որ Հայաստանն ԱՄՆ-ի համար դառնում է ռազմավարական կարևորություն ունեցող պետություն, ո՛չ: Պենտագոնն ըստ իր կարիքների՝ տարբեր պետությունների հետ տարբեր ժամանակահատվածում անում է նմանօրինակ զորավարժություններ, այսպիսի զորավարժություններ եղել են Ղազախստանում, Վրաստանում, Հայաստանում: ԱՄՆ-ը պարբերաբար նման զորավարժություններ կազմակերպում է կա՛մ օգտագործելով Պենտագոնի ամենատարբեր ստորաբաժանումներ, կա՛մ նույնիսկ նահանգային մակարդակով օգտագործելով տարբեր նահանգների ազգային գվարդիաները, և սա ինչ-որ բացառիկ բան չէ, ինչ-որ մի երևույթ չէ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները կարող է բարձրացնել ռազմավարական մակարդակի»,- նկատեց միջազգայնագետը:

Կարդացեք նաև

Հարցին՝ հայ-ռուսական հարաբերությունների լարման ֆոնին ի՞նչ օրակարգ կա հայ-ամերիկյան հարաբերություններում, որովհետև շատ է խոսվում, որ Հայաստանի իշխանություններն Արևմուտքի պրոյեկտն են, դրա համար են հակառուսական քայլեր անում, բայց արդյո՞ք նույն Արևմուտքի հետ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է և կա հստակ օրակարգ, նա պատասխանեց.

«ԱՄՆ հետ մեր օրակարգը թե՛ ռազմական, թե՛ տնտեսական համագործակցության տեսանկյունից չափազանց փոքր է, գլոբալ առումով օրակարգ չկա: ԱՄՆ համար Հայաստանը 160-րդ առևտրային գործընկերն է 193 երկրների շարքում. Կարծում եմ՝ սա շատ կարևոր ցուցիչ է: Այսինքն՝ ԱՄՆ և մեր օրակարգը պտտվում է ԱՄՆ կողմից մեզ տրամադրվող օգնության շուրջ»:

Ճշտեցինք՝ այդ դեպքում հասկանալի՞ է, թե ինչու են Հայաստանի իշխանությունները հետևողականորեն փչացնում հարաբերությունները ՌԴ-ի հետ:

«Ես չէի առանձնացնի միայն Ռուսաստանին, օրինակ՝ Պեկինի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները զարգանում, խորանո՞ւմ են, թե՞ ոչ, այսինքն՝ այնպես չէ, որ միայն ՌԴ-ի հետ են մեր հարաբերությունները փչանում, բոլորի հետ էլ որևէ առաջընթաց չկա: Սովորաբար, եթե դու ուզում ես վեկտոր փոխել, մեկի հետ պետք է հարաբերություններդ խորացնես, որ մյուսի հետ փչացնես, բայց չխորացնելով հարաբերությունները մեկ այլ պետության հետ՝ քո ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններդ փչացնելը, իհարկե, շատ անտրամաբանական է: Մենք ունենք մի իրավիճակ, երբ մեր հարաբերությունները փայլուն չեն ո՛չ Մոսկվայի, ո՛չ Պեկինի, ո՛չ Թեհրանի, ո՛չ Բրյուսելի, ո՛չ էլ Վաշինգտոնի հետ, այնպես որ, միայն Մոսկվայի մասին չէ խոսքը, սա ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է ընդամենը»,- ի պատասխան՝ ասաց նա:

Թեպետ Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ ոչինչ նշված չէ այդ մասին, բայց իրանական կողմի հաղորդագրության մեջ շեշտված է, որ Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցում Իրանի արտգործնախարարը հայ-ամերիկյան զորավարժությունների վերաբերյալ հայաստանցի իր գործընկերոջն ասել է, որ արտաքին ուժերի ներկայությունը տարածաշրջանում կբարդացնի իրավիճակը տարածաշրջանում:

Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ ինչ է կարծում՝ ինչո՞ւ հայկական կողմն այդ մասին չի հիշատակել, և ի՞նչ մտահոգություններ կարող է ունենալ Իրանն այս զորավարժություններից:

«Բնական է, որ Իրանի քթի տակ տեղի են ունենում պրոցեսներ, որոնք Իրանի շահերից չեն բխում, որովհետև գիտեք, ԱՄՆ-ի և Իրանի հարաբերություններն այս պահին որքան բարդ են և կարգավորվելու հույս էլ այս պահին չկա: Բնական է, որ Իրանը նյարդայնանում է, որովհետև իր քթի տակ տեղի են ունենում պրոցեսներ, որոնք իր շահերից չեն բխում: Իսկ թե ինչու է հայկական կողմը թաքցրել, իսկ իրանական կողմը հատուկ ընդգծել այդ հատվածը, կարծում եմ՝ իրանական կողմը հատուկ ընդգծել է դա՝ իմանալով, որ հայկական կողմն այդ մասին չէր խոսելու»,- պարզաբանեց նա:

Միջազգայնագետը չի պատկերացնում, որ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում Արևմուտքը Հայաստանում ռազմական կոնտինգենտ կտեղակայի, նույնն էլ՝ Ադրբեջանի պարագայում. «Ասեմ ավելին, հավաքական Արևմուտքում երբեք չի քննարկվել այդ հարցը, որ իրենք պատրաստ են զենք-զինամթերք կամ զորք տալ Հայաստանին կամ օգնեն պաշտպանվել Ադրբեջանից»:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են իշխանամերձ շրջանակներն ու, այսպես կոչված, արևմտամետներն ասում, որ պետք է Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ռուսական ռազմաբազան հեռացնի Հայաստանից և ապավինի Արևմուտքին, նա պատասխանեց. «Այդ դեպքում Արևմուտքն էլ, չէ՞, պետք է ինչ-որ մի քայլ անի, որովհետև եթե ռազմաբազան դուրս է գալիս, ձևավորվում է անվտանգային վակուում, ո՞վ է լցնելու այդ վակուումը: Եթե Հայաստանը չի դառնալու պլացդարմ Իրանի դեմ, բայց Հայաստանում տեղակայվելու են ամերիկյան կամ եվրոպական զինված ուժեր, բա ո՞նց է ստացվում, որ պլացդարմ չէ, որովհետև Իրանի և Ռուսաստանի շահերը չես կարող հաշվի չառնել: Այստեղ բարդ և խճճված պրոցես կա, որին երբ նայում ես, տեսնում ես, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հիմքեր դեռևս չկան: Եթե նույնիսկ վեկտորի փոփոխություն պլանավորում են մեր իշխանությունները, ապա դրա հիմքերը դեռևս չկան»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս