Ձեր բերանից մի ճիշտ բան դուրս կգա՞, մի հայկական փաստարկ չունե՞ք, որ Արցախն Ադրբեջանի մաս չի եղել. Գեղամ Մանուկյան

«Այսօր ԱԺ դահլիճում կատարվեց մի ահավոր բան. Ղարաբաղյան բանակցությունների 20-23 տարիներին երբևէ Ալմա Աթայի հռչակագիր տերմին չօգտագործվելուց հետո, արդեն 2 տարի Ալմա Աթայի հռչակագիրը դրվեց Ալիևի, տարբեր երկրների բանակցողների, պետական գործիչների բերանը»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Այսօր Նիկոլ Փաշինյանը Արթուր Խաչատրյանի հարցին ի պատասխան՝ բառացի պատասխանեց՝ դե յուրե կարող է Ալմա Աթայի հռչակագիրը վավերացվել է ձևակերպումը ճշգրիտ չլինել, դե յուրե նա կարող է ճշգրիտ չօգտագործել մի փաստաթղթի մասին, որը հիմք օգտագործելով՝ առավոտից գիշեր խոսում են Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մասին: Այս հարցուպատասխանին շատերն ասում էին՝ իմաստ չկա Նիկոլ Փաշինյանին հարց տալու, ճիշտ բան դուրս չի գալու նրա բերանից, հիմա որ հարցնեն՝ եթե Արցախը 30 տարի Ադրբեջանի կազմում էր, բա տղային ո՞նց էին տանում Արցախի ՊԲ, ասում է՝ դե, Տոնոյան Դավիթն էր տանում, հարցնեն՝ ուղղաթիռով ամեն օր ո՞նց էիր գնում Արցախի Հանրապետություն, պատասխանելու է՝ էդ ուղղաթիռի օդաչուն էր, որ չժանգոտի, ինձ համոզում՝ հետը տանում էր: Հարցնեն՝ Քարվաճառում ՀԴՄ կտրոն ինչո՞ւ էիր ուզում, եթե Արցախը Ադրբեջանի կազմում էր, ասելու է՝ ինձ օգնականները չէին բացատրել, որ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրից դուրս էինք եկել, ու այդպես լիքը բաներ: Վերջում հարցնելու են՝ ինչո՞ւ էիր Ստեփանակերտում Արցախը Հայաստան է գոռում, պատասխանելու է՝ դե նախկիններն էնքան շատ էին դա ասել, լեզվիս ծերից թռավ: Այսօրվա Նիկոլ Փաշինյանի ելույթում էլ հնչեց ՄԱԿ-ի 4 բանաձև, Լիսաբոնի մերոնց վետոն, Լիսաբոնի նախագահողի հայտարարություն: Այս 3.5-4 տարին, ինչ ադրբեջանական թեզ որ լսել ենք 30 տարվա բանակցությունների մեջ, այդ 4 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի շուրթերից լսում ենք: Լավ է՝ Խոջալուի ջարդ չենք լսել»,- ընդգծեց Գեղամ Մանուկյանը՝ այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանին մի հարց ուղղելով:

«Կա՞ որևէ հայկական փաստարկ, որ Արցախը չէր կարող լինել Ադրբեջանի կազմում, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ այս ամբիոնից կարող է բերել, որ կուզենար այս բանակցությունների ընթացքում օգտագործել, գեթ մեկ հայկական փաստարկ, որ Արցախը Ադրբեջանի կազմում չի կարող լինել և չէր կարող լինել»,- հետաքրքրվեց պատգամավորը:

«Ձեր հարցը Ձեր պատասխանը տալիս է: Մենք օգտագործում ենք և օգտագործել ենք հայկական փաստարկ հասկացությունը և փորձել ենք ԼՂ հարցը լուծել հայկական փաստարկների շրջանակներում՝ չգիտակցելով, որ ԼՂ հարցը, ցավոք, հայկական փաստարկներով չէ, որ կարգավորվելու է, այլ ԼՂ հարցի վերաբերյալ կան միջազգային փաստարկներ, իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումներ, որը, մենք հավատացել ենք խորապես, որ հայկական փաստարկներով կարող ենք թուլացնել, հաղթահարել, զրոյացնել: Եվ այն ձեր փաստերը, որ դուք բերում եք, չգիտեմ՝ ինչի համար ապացուցելու, վկայում են մի բանի մասին, որ ես հայկական փաստարկներին պակաս նվիրված չեմ եղել, ինչքան դուք եք նվիրված: Պրոբլեմն այն է, որ մենք հայկական փաստարկով չենք կարող և այսօր էլ չենք կարողացել, և հետո էլ չենք կարողանալու լուծել:

Կարդացեք նաև

Ու գիտե՞ք՝ դրա ապացույցը ինչն է, որ եթե լիներ, դուք լուծած կլինեիք, այդ խնդիրը մեզ չէր հասնի: Քանի՞ անգամ է եղել՝ այս ամբիոնից գալիս եք, ելույթ ունենում, ասում եք՝ պետք է այսպես լիներ, ես էլ ասում եմ՝ շատ լավ, թող լիներ, ինչո՞ւ չի եղել: Ձեր քաղաքական թիմի առաջնորդն ասում է, որ այ, բանակցային գործընթացում պետք էր հույս տալ Ադրբեջանին, որ հարցն ինքն առանց պատերազմի կլուծեր: Ես ուզում եմ խոստովանել, որ մենք չենք կարողացել Ադրբեջանին հույս տալ, որովհետև էլ հույս տալու ռեսուրսը վերջացել էր: Երբ մենք եկանք իշխանության, արդեն ձեր տված հույսերը իրականացնելու ժամանակն էր եկել, սա է ամբողջ պատմությունը:

Ալմաթիի հռչակագրի մասին որ ասում եք, այդտեղ դե յուրեի-դե ֆակտոյի իմ ասածի մեջ ոչ մի սխալ բան չկա, դուք եք ասում՝ բա ինչի՞ չեք ասում, որ Ալմաթիի հռչակագիրը մենք վերապահումներով ենք վավերացրել, ձեր խմբակցության ներկայուցիչներն են ասել: Ինչպիսի լրջությամբ դուք եք մոտենում, նույնպիսի լրջությամբ ես եմ մոտենում, բայց չեմ կարծում, թե այդտեղ լրջության մոտեցման հարց կա: Հիմա ի՞նչ եք ուզում ասել՝ հայկական փաստարկներո՞վ, հա, հայկական փաստարկով չի լուծվում այդ հարցը ու չի լուծվելու, հերիք է մենք խաբենք ինքներս մեզ»,- ի պատասխան՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Գեղամ Մանուկյանն էլ արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում այդպես էլ որևէ հայկական փաստարկ չբերեց:

«2020թ. պատերազմից հետո, այդ թվում ձեր քաղաքական ուժը, իմ կողմից նախկին շրջանում օգտագործված բոլոր հայկական փաստարկների օգտագործումը համարել է շրջադարձային և կատաստրոֆիկ սխալ: Ինչ վերաբերում է ՀԴՄ-ին, այո, ճիշտ եմ արել, որովհետև հավատացել եմ, այդ թվում՝ հայկական փաստարկներին: Բայց պարզվեց, որ այն, ինչ այդ թվում ձեր ՀԴՄ տվող մարդիկ անվանում էին երկրորդ հայկական պետություն, ընդամենն իրենց համար գռդոն անելու հարթակ էր, և դրա ամենամեծ վկայությունը ՀԴՄ կտրոն չտալն է»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս