«Բերձորի ճանապարհը շարունակում է փակ մնալ. Ոչ թե «հումանիտար միջանցքով» դուրս կգանք, այլ բիբլիական». Դավիթ Բաբայան
Երեկ առավոտյան, երբ Ռուսաստանի Կարմիր խաչի տրամադրած հումանիտար օգնությունն Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով մուտք գործեց Ստեփանակերտ, Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար Լաչինով բեռների փոխադրումը հնարավոր կլինի, եթե բացվի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը։ Տարբեր լրատվամիջոցներ շտապեցին գրել, որ 24 ժամվա ընթացքում կբացվի Բերձորի միջանցքը, սակայն մինչ այս պահն այդ ճանապարհը չի բացվել։
168.am–ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ասաց՝ Բերձորի միջանցքը շարունակում է փակ մնալ։
«Այս պահին Բերձորի ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Իսկ Ադրբեջանն այդ ճանապարհը բացելու տակ հասկանում է այն կտտանքները, որոնցով մեր հայրենակիցները գնում են Երևան բուժվելու կամ Երևանից վերադառնում են Արցախ։
Արցախահայության համար Բերձորի միջանցքի բացումը նշանակում է, որ ապօրինի անցակետը պետք է այնտեղից հանվի։ Պետք է ունենա այն կարգավիճակը, ինչ նախատեսված է նոյեմբերի 9-ի պայմանագրով, Բերձորի միջանցքի այդ կարգավիճակը պետք է վերականգնվի»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Ինչ վերաբերում է «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանի այն գրառմանը, թե դիմել է Արցախի նորընտիր նախագահին և ԱԺ նախագահին, որպեսզի նրանք քայլեր ձեռնարկեն արցախահայության համար հումանիտար միջանցք բացելու համար, Դավիթ Բաբայանը հակադարձեց՝ ցանկություն չունի անդրադառնալու ամեն մեկի գրառմանը, սակայն Արցախի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի դիմելու իր իշխանությանը՝ այս կամ այն խնդրանքով կամ կարծիքն արտահայտելու համար։
«Ես մշտապես խոսելով մեր ճակատագրի մասին, ասել եմ՝ պետք է պահենք սեփական արժանապատվությունը։ Մենք վաստակել ենք այդ իրավունքը՝ բոլորի հետ խոսել առանց մեր գլուխները կախ գցելու։ Մենք պետք է կամ պայքարենք, կամ ոչ թե հումանիտար միջանցքով լքենք մեր երկիրը, այլ բիբլիական դուրս գանք, սա հումանիտար միջանցք չէ, խնդրանք-պաղատանք չէ, ավելի խորը իմաստ ունի իր մեջ։ Դա այդ մարդու կարծիքն է, նա այդպես է մտածում, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ունենալ կարծիք»,- հավելեց Դավիթ Բաբայանը։
Անդրադառնալով ռուսական Կարմիր խաչի տրամադրած հումանիտար օգնության շուրջ տարածվող հայտարարություններին և սոցիալական ցանցերում քննարկումներին, թե իբր այդ հումանիտար օգնությունը պարունակել է բացառապես վերմակներ, Դավիթ Բաբայանը հակադարձեց՝ ռուսական խաղաղապահ զորակազմը հրապարակել է հումանիտար բեռի պարունակությունը՝ անվանական, հետևաբար՝ այնտեղ որևէ վերմակ չի եղել։
«Այդ խոսակցությունները զրպարտություն է՝ գուցե ծրագրավորված, որտեղի՞ց պետք է իմանային՝ վերմա՞կ էին բերում, թե՞ այլ բան։ Նման տվյալներ կարող էին տալ կա՛մ ռուս խաղաղապահները, որոնք ապրանքների ցանկը հրապարակել են, կա՛մ ադրբեջանական կողմը, պարզ է, թե որտեղից են այս խոսակցությունները, որոնք քաղաքական երանգ են պարունակում»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Միաժամանակ Դավիթ Բաբայանը տեղեկացրեց, որ շարունակում է զբաղեցնել այն պաշտոնը, ինչ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ժամանակ՝ նախագահի խորհրդականն է։
«Ինքս աշխատել եմ Արցախի չորս նախագահների հետ, Սամվել Շահրամանյանը 4-րդ նախագահն է։ Ողջ կյանքս աշխատել եմ պետական համակարգում և շարունակում եմ իմ աշխատանքն այնպես, ինչպես նախկինում, և շնորհակալ եմ, որ այդ աշխատանքը գնահատում են»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։