Աննա Հակոբյանը հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Կիևում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք հանդիպմանը եկել էին երեխաների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին ոչ միայն Կիևում ապրող հայերը, այլև մայրաքաղաք էին եկել Օդեսայի, Դնեպրի, Չերկասի, Կիրովագրադի, Սումի, Խմելնիցկի, Չերնիգովի մարզերից, Կրիվոյ Ռոգ քաղաքից:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից, տիկինը զրույցը նախ երեխաների հետ է սկսել, նշել, որ այս հանդիպմանը երկար է սպասել։ Աննա Հակոբյանը հետաքրքվել է նրանց զբաղմունքներից և թե ինչպե՞ս են հաղթահարում պատերազմական օրերը: Հայ երեխաներին ավելի շատ հետաքրքրում էր Հայաստանի կյանքը, թե ինչով են զբաղվում Հայաստանում ապրող երեխաները: Անդրադառնալով երեխաների այն հարցերին, որոնք վերաբերում են ՀՀ անվտանգային իրավիճակին, Աննա Հակոբյանը նշել է, որ Հայաստանում ևս բարդ իրավիճակ է, իհարկե ոչ այն մակարդակի, որքան Ուկրաինայում է, միևնույն ժամանակ վստահեցրել` Հայաստանի կառավարությունն անում է հնարավոր ամենը` խաղաղություն հաստատելու համար: Երեխաները հետաքրքրվել են նաև, թե ինչ են անում Հայաստանում՝ Ուկրաինայի հետ հարաբերությունները սերտացնելու համար, վարչապետի տիկինը պատասխանել է՝ հենց դրա համար է այսօր Կիևում։
Երեխաները նշել են, որ շատ են ցանկանում Հայաստան գալ, շատերին հետաքրքրում է մեր երկրի բնությունը, մշակութային կոթողները։ Երեխաներից շատերը Հայաստանում եղել են, բայց կրկին վերադառնալու ցանկությունը մեծ է։ Նրանք Աննա Հակոբյանին պատմել են, թե ինչ մասնագիտական կողմնորոշումներ ունեն, վարչապետի տիկինն էլ նրանց առաջարկել է գալ և Հայաստանում ստանալ ցանկալի կրթությունը, լավ մասնագետ դառնալ։
Ներկա ծնողներից շատերը նշել են, որ երեխաներին անպայման տանելու են շաբաթօրյա հայկական դպրոց, որպեսզի հայոց լեզուն միշտ կիրառեն։ Վարչապետի տիկինը գնահատել է ծնողների որոշումը, վստահեցրել, որ մայրենի լեզուն իմանալը շատ կարևոր է այսօր Սփյուռքի հայրենակիցների ու հայ ժողովրդի համար։
Բոլոր ներկաները՝ մեծերն ու փոքրերը, վստահեցրել են, որ անհամբեր սպասում են կրկին Հայաստան մեկնելու հնարավորությանը: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ երեխաներին կոչ է արել ապագայում մտածել Հայաստանում մշտական բնակություն հաստատելու մասին:
Օդեսայից եկած հայ մանուկները երաժշտական համար էին պատրաստել, երեխաները Աննա Հակոբյանի համար նաև իրենց նկարած նկարներն ու ձեռքի աշխատանքներ էին բերել։
Աննա Հակոբյանը հայ մանուկներին է փոխանցել Հայաստանի կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը (սմարթֆոններ, համակարգիչներ)։
Հայ համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վարչապետի տիկնոջը հանդիպումը կազմակերպելու համար, վստահեցրել, որ Ուկրաինայում ապրող հայերը երկար տարիներ սպասել են այս հանդիպմանը։
Աննա Հակոբյանը ընդգծել է կայուն խախաղության հասնելու կարևորությունը՝ Հայաստանում, Ուկրաինայում, աշխարհի մյուս երկրներում։ Վստահեցրել, որ հանդիպումից գնում է մեծ տպավորություններով ու սիրով։
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպում է ունեցել նաև Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցների հետ, զրուցել մի շարք թեմաներից: Դեսպանության երկարամյա աշկատակիցները շնորհակալություն են հայտնել հանդիպման համար, ընդգծել, որ առաջին անգամ է դեսպանությունում նման ֆորմատով հանդիպում կազմակերպվում։
Դեսպանության շենքում նախատեսված էր նաև ուկրաինաբնակ անվանի հայեր` ռեժիսոր Ռոման Բալայանի և նկարիչ Բորիս Եղիազարյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Չերկասի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Անդրանիկ Ղազարյանը, Լվովի մարզում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանը: