Բաժիններ՝

ԱՄՆ-ն դատապարտել է Դոնբասում, Խերսոնում և Զապորոժիեում ՌԴ-ի կողմից անցկացվելիք ընտրությունները

Ռուսաստանի տարբեր մարզերում սեպտեմբերի 10-ը հայտարարվել է քվեարկության միասնական օր։ Ընտրությունների ընթացքում ՌԴ քաղաքացիները կընտրեն նահանգապետների, օրենսդիր ժողովների պատգամավորների, տեղական ներկայացուցչական մարմինների, ինչպես նաև ՌԴ պետդումայի 4 պատգամավորի։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալության հրապարակումից։

Ընդ որում, առաջին անգամ այդ ընտրություններին են մասնակցելու նաև Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Խերսոնի և Զապորոժիեի մարզերի, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչները։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննադատել է Ռուսաստանի կողմից իր մաս հայտարարված սուբյեկտներում ընտրությունների անցկացումը՝ դրանք անվանելով «անօրինական»։

«Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացված տարածքներում կեղծ ընտրություններն անօրինական են և հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Միացյալ Նահանգները երբեք չի ճանաչի Ռուսաստանի պահանջները Ուկրաինայի որևէ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – գրել է Բլինքենը X սոցիալական հարթակի իր էջում։

ԱՄՆ պետքարտուղարն ավելի վաղ նաև հայտարարություն էր տարածել՝ նախազգուշացնելով, որ այդ ընտրություններին մասնակցող «այսպես կոչված՝ միջազգային դիտորդները» կարող են պատժամիջոցների ենթարկվել։

Արձագանքելով այս գրառմանը՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ «իրենց հնարավոր չէ վախեցնել սահմանափակումներով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս