Բաժիններ՝

Կուբան ձերբակալել է 17 հոգու՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ կռվելու համար երիտասարդների հավաքագրելու մեղադրանքով

Կուբայի իշխանությունները հայտարարել են 17 մարդու ձերբակալության մասին, որոնք կապված են հանցավոր ցանցի հետ, որը, ենթադրաբար, մարդկանց է հավաքագրել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Հետաքննությունների արդյունքում առայժմ ձերբակալվել է 17 մարդ, այդ թվում՝ նման գործողությունների կազմակերպիչը», – ասել է Կուբայի ներքին գործերի նախարարության գնդապետ Սեսար Ռոդրիգեսը։

Նրանց սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում, ցմահ բանտարկություն կամ մահապատիժ՝ կախված հանցագործության տեսակի ծանրությունից, որը ներառում է մարդկանց թրաֆիքինգ, վարձկանություն և թշնամական գործողություններ այլ պետության հանդեպ։

Մարդկանց թրաֆիքինգի հանցավոր ցանցի հայտնաբերման մասին Կուբայի արտգործնախարարությունը տեղեկացրել էր սեպտեմբերի 4-ին։ Ըստ հաղորդագրության՝ ցանցը գործում է Ռուսաստանից՝ այնտեղ բնակվող և նույնիսկ Կուբայում բնակվող Կուբայի քաղաքացիներին հավաքագրելով զինված ուժերի շարքեր, որոնք մասնակցում են Ուկրաինայում ռազմական գործողություններին։

Կուբայի իշխանությունները հայտարարել են, որ «Ուկրաինայում պատերազմի մաս չեն» և թույլ չեն տալիս իրենց քաղաքացիներին որպես վարձկան ներգրավել։

Reuters-ը հիշեցնում է, որ 2022 թ․-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր հրաման, որով օտարերկրացիներին թույլատրվում է ծառայության անցնել Ռուսաստանի զինված ուժերում և արագացված ընթացակարգով քաղաքացիություն ստանալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս