
Գիտնականները իր բնական միջավայրից հազարավոր մղոն հեռավորության վրա գրենլանդական շնաձուկ են հայտնաբերել

Համաձայն ծովային վերջին ուսումնասիրության, կենսաբանները ապշել են՝ հայտնաբերելով սառը ջրերում բնակվող առեղծվածային շնաձկանը, որն իր բնական միջավայրից հազարավոր մղոն հեռավորության վրա էր գտնվել: Գրենլանդական շնաձուկը՝ Երկրի ամենաերկարակյաց ողնաշարավոր կենդանին, հայտնաբերվել է արևադարձային Կարիբյան ծովում։
Ուսումնասիրողնորը դրոշմում և ժամանակավորապես բռնում էին վագրային շնաձկներին Բելիզի ափերի մոտ, երբ հանդիպեցին առեղծվածային շնաձկանը, ասվում է Marine Biology գիտական ամսագրում վերջերս հրապարակված հոդվածում:
Վագրային շնաձկներին դիտարկելու և հետազոտելու համար Բելիզի պահպանվող Glovers Reef Atoll-ում կարթաթել անցկացնելուց հետո, կենսաբանները վերադառնալով պարզել են, որ կարթաթելը կորալային խութից մի քանի մղոն տեղափոխվել է մինչև 2000 ոտնաչափ խորություն ունեցող ջրեր:
Երբ նրանք դուրս են բերել իրենց գիտական որսը, ապշել են՝ գտնելով հնադարյան գրենլանդական շնաձուկ:
Սկզբում գիտնականները կասկածել են, որ դա կարող է վեցխռիկանի շնաձուկ լինել, որը խորջրյա գիշատիչ է, սակայն հազվագյուտ կենդանուն լուսանկարելուց հետո հաստատել են, որ դա «ամենայն հավանականությամբ» գրենլանդական շնաձուկ է:
Ազգային օվկիանոսային ծառայության տվյալներով, գրենլանդական շնաձկները Երկրի ամենաերկարակյաց ողնաշարավորներն են, որոնց կյանքի տևողությունը 250-500 տարի է:
Այս շնաձկներն ապրում են հազարավոր ոտնաչափ խորության ստորջրյա խավարի մեջ, հազվադեպ են երևում կամ լուսանկարվում, և քիչ մանրամասներ են հայտնի նրանց անհավանական երկար կյանքի մասին:
Բացահայտումը հարց էառաջացնում՝ արդյո՞ք այս կոնկրետ գրենլանդական շնաձուկը Արկտիկայի ջրերից գաղթել է դեպի Կարիբյան ծով, թե՞ իր կյանքի մեծ մասն անցկացրել է տարածաշրջանի արևադարձային ջրերում:
Սա մնում է անպատասխան, բայց մեծ հավանականություն կա, որ այս առեղծվածային արարածներից շատերը թափառում են Կարիբյան ծովի մութ խորքերում՝ թաքնված մարդու տեսադաշտից: