«Ալիևն օգնում է Փաշինյանին. ժողովրդին վախեցնում են, որ չընդդիմանան». Հարութ Արթին Առաքելյան
«Մինչև մենք կամք չունենանք մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, Արցախը պաշտպանելու, Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ անդադար նման սադրանքների է դիմելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում անդրադառնալով Սոթքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, ասաց իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանը:
«Ադրբեջանը նպատակ ունի Հայաստանին վախեցնելով, Հայաստանի վրա ճնշումներ գործադրելով՝ Արցախի հարցում ամենաշատ դիվիդենտները քաղել հայկական կողմից: Այսինքն՝ Հայաստանն ավելի հեշտ համաձայնի Ադրբեջանի դրած պահանջներին: Դրա համար Սոթքը ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինն է լինելու, սա շարունակվելու է: Հիմնական նպատակն է՝ Հայաստանի հասարակությանը Հայաստանի իշխանությունների որոշումներին համահունչ դարձնել:
Այսինքն՝ երբ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ համաձայն է, ընդունում է, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, շատ բնական է, որ հասարակությունն ընդդիմանալու է: Դրա համար նրանց պետք է հասարակությանը վախեցնել, որ համաձայնեն Փաշինյանի վարած քաղաքականության կամ ապագա որոշումների հետ: Ալիևը Սոթքի և դրա նման մյուս դեպքերով փորձում է օգնել Փաշինյանին, որ Հայաստանի ներսում հասարակությունը, Փաշինյանի բառերով ասած՝ նշաձողն ավելի իջեցնի, և գան այն վերջնական լուծմանը, որով Արցախն Ադրբեջան է դառնալու, և այնտեղի մեր հայրենակիցները մնալու են անելանելի վիճակում՝ դառնալ Ադրբեջանի քաղաքացի՞, թե՞ տեղափոխվել Հայաստան»,- ընդգծեց նա:
Ըստ նրա՝ Թուրքիան չի թաքցնում, որ հովանավորում է Ադրբեջանին. «Վերջին շրջանում ոչ միայն Հայաստանի շուրջ և Արցախում, այլև Վրաստանում՝ Օսիայի շուրջ որոշակի գործողություններով ցույց են տալիս, որ կարող են ՌԴ-ի համար երկրորդ ճակատ բացել: Այդ բոլորը Թուրքիան օգտագործում է Պուտինի հետ բանակցություններում ավել բան ձեռք բերելու համար: Դժվար է ասել, թե ինչ զարգացումներ կլինեն Պուտին-Էրդողան բանակցությունների արդյունքում:
Պետք է հաշվի առնել տարածաշրջանում նաև Իրանի գործոնը, որտեղ նախորդ տարվա ցույցերի տարելիցն է և մի քանի կետում նորից ըմբոստություններ են սկսվել, մի քանի ոստիկան է սպանվել: Փորձելով կրկին ապակայունացնել Իրանը, Ռուսաստանին սպառնալիքներ ցույց տալով, որ կարող է երկրորդ, երրորդ ճակատ բացվել նրա համար, մեծ, գլոբալ խաղ է գնում, Թուրքիան էլ փորձում է իր դերը վաճառել Արևմուտքին»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում