
Բաքուն հնարավոր է համարել առաջիկա օրերին Լաչինի միջանցքի բացումը

Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Նա նշել է, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացումն իր արտացոլումն է գտել համապատասխան հայտարարություններում։ Ըստ նրա՝ Հայաստանի ղեկավարությունը Բրյուսելում կայացած հանդիպումների ժամանակ ընդունել է դրա օգտագործման հնարավորությունը։
«Որպես այդ գործընթացի հերթական բաղադրիչ կարող է նախատեսվել Լաչինի ճանապարհի բացումը առաջիկա օրերին, այսինքն՝ որոշակի պայմանական ժամկետներում։ Լաչինի ճանապարհի բացման հարցում շատ կարևոր է Ադրբեջանի տարածքային ամբողջականության գործոնը։ Միևնույն ժամանակ, դա պետք է տեղի ունենա մեր երկրի օրենքների և սահմանային վերահսկողությանը վերաբերող համապատասխան օրենքների, ինչպես նաև մաքսային ռեժիմի կանոնների պահպանման պայմանով»,- Հաջիևի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։