«Ֆրանսիայի Հանրապետությունը որևէ կապ չունի Ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների՝ Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու գործում». Հասմիկ Առաքելյան

Լրագրող Հասմիկ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեզանում թացը չորի հետ են խառնվել… Ֆրանսիայի հետ կապված տարածված լուրերի մի մասը սխալ թարգմանությունների, մի մասն էլ իշխանական լրատվամիջոցների պրոպագանդայի հետևանքն են: Հերթով թվարկում եմ կեղծ լուրերը՝

ՖՐԱՆՍԻԱՆ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԲԱՆԱՁԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի վերաբերյալ: Այդ լուրը գրել է հեղինակավոր Figaro-ն, որը որքան էլ հեղինակավոր լինի, բայց աշխարհիկ մարդիկ են այնտեղ աշխատում և կարող են և սխալ լուր հրապարակել: ՆՄԱՆ ԲԱՆ ՉԿԱ:

Ֆրանսիայի նախագահականի կայքէջում Փաշինյան-Մակրոն հեռախոսազանգի մասին մամուլի հաղորդագրություն տեղադրված չէ, քանի որ առաջիկայում կրկին պետք է հեռախոսազանգեր լինեն, քանի որ զրույցի ընթացքում որևէ նոր եզրահանգման չեն եկել:

Իրավիճակում փոփոխություն չկա: ԱՄԵՆ ԻՆՉ ՆՈՒՅՆՆ Է:

Իշխանական պրոպագանդան փորձում է Հայաստանի ժողովրդի՝ Ֆրանսիայի հանդեպ ունեցած սերը օգտագործել հօգուտ իրենց, որ դիվիդենտներ շահեն: Ֆրանսիան փորձում է Հայաստանին և Արցախին աջակցել, բայց իր արտաքին դիվանագիտության շահերն այս պահին իրեն ավելին թույլ տալ չեն կարող:

Էմանուել Մակրոնը օգոստոսի 28-ի դեսպանահավաքին միայն ասել է, որ պատրաստվում է դիվանագիտական նոր նախաձեռնությամբ հանդես գալ և զրուցել Փաշինյանի ու Ալիևի հետ ստեղծված դրությունից դուրս գալու համար: Մակրոնը որևէ բանաձևի կամ Արցախը ճանաչելու մասին որևէ տառ անգամ չի ասել:

Առաջիկայում ինչ նախաձեռնություն էլ լինի Ֆրանսիայի կողմից տրամագծորեն կտրուկ տարբերություն չի լինելու եղածից:

Ֆրանսիայի Հանրապետությունը որևէ կապ չունի Ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների՝ Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու գործում: Դրանք լոկալ որոշումներ են: Ի դեպ, այդ օգնությունը կազմակերպվել է Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի դիմումի հիման վրա, որին ֆրանսիական քաղաքների ու երկրամասերի ղեկավարները դրական են արձագանքել: Պիտի շնորհակալ լինենք, որ նրանք սրտացավ են և փորձում են որևէ քայլի դիմել 120 հազար արցախահայությանը սատարելու համար: Նրանց բերած հումանիտար բեռը, ցավոք սրտի, մնալու է Կոռնիձորում: Դրանից որևէ հույս ունենալը հավասարազոր է փրփուրներից կախվելուն:

Ֆրանսիայի խնդիրը արցախահայերին կերակրելը չէ, այլ միջանցքի բացումն է, որ մարդիկ իրենք իրենց հացը վաստակեն:

Սա վերցրեք ի գիտություն, որ մեր բարեկամ երկրի հանդեպ հետո հիասթափություն չունենաք ինչ է թե Փաշինյանը փորձում է Ֆրանսիայի անունը տալով՝ անտեղի հույս տալ մեր խեղճ ժողովրդին և հանդարտեցնել:

Եվ վերջում, տարբեր ԶԼՄ-ներում աշխատող իմ սիրելի գործընկերներ, որևէ լուր տեսնելիս՝ նախ սկզբնաղբյուրը ճշտեք, ստուգեք թարգմանությունը հետո նոր տարածեք: Փաշինյանի ցանկացած հանդիպման ու հեռախոսազանգի վերաբերյալ ստուգեք նրա տվյալ զրուցակցի ներկայացրած երկրի/կառույցի տարածած պաշտոնական մամուլի հաղորդագրությունը: Սուտասանները շատ հաճախ նրբերանգներ են փոխում թարգմանություններում»:

Տեսանյութեր

Լրահոս