Բաժիններ՝

Իսրայելի հետ շփումների պատճառով Լիբիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնավարումը ժամանակավորապես կասեցվել է, երկրում ցույցեր են տեղի ունեցել

Լիբիայի վարչապետը ժամանակավորապես դադարեցրել է երկրի արտգործնախարարի պաշտոնավարումը, քանի որ վերջինս ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Իսրայելի իր գործընկերոջ հետ։ Բացի այդ, այս հանդիպումը Լիբիայում ցույցերի առիթ է դարձել։ Այս մասին հաղորդում է BBC-ին։

Լիբիան աջակցում է Պաղեստինին և չի ճանաչում Իսրայելը, հետևաբար, այս քայլը մեծ աղմուկ է բարձրացրել երկրում։

Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը հայտարարել է, որ Լիբիայի իր պաշտոնակից Նաջլա ալ-Մանգուշի հետ հանդիպումը հարաբերություններ հաստատելու պատմական առաջին քայլ է։ Հանդիպման և դրա մանրամասների մասին իսրայելական կողմից հայտարարությունն, ըստ BBC-ի, շատ զարմանալի է եղել։ Միևնույն ժամանակ, իսրայելցի մի պաշտոնյա Reuters-ին հայտնել է, որ հանդիպումը նախապես համաձայնեցված է եղել «ամենաբարձր մակարդակներով» և տևել է մեկ ժամ։ Իսրայելն աշխատում է ավելի սերտ հարաբերություններ հաստատել արաբական և մուսուլմանական երկրների հետ, որոնք պաշտոնապես չեն ճանաչում Իսրայել պետությունը։

Այնուամենայնիվ, Լիբիայի նախագահական խորհուրդը, որը ներկայացնում է երկրի երեք շրջանները, հայտարարել է, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումն անօրինական է։ Արտգործնախարար Մանգուշին մեղադրել են դավաճանության մեջ։ Նրա նկատմամբ վարչական հետաքննություն է սկսվել արդարադատության նախարարի նախագահած հանձնաժողովի կողմից։

Իր հերթին Լիբիայի արտգործնախարարը հայտարարել է, որ բազմիցս մերժել է Իսրայելի ներկայացուցիչների հետ հանդիպումը, իսկ այս հանդիպումը եղել է «հանպատրաստից, պատահական հանդիպում, որը տեղի է ունեցել Իտալիայի արտգործնախարարությունում հանդիպման ժամանակ»:

Հանդիպման մասին լուրերի տարածումից հետո մայրաքաղաք Տրիպոլիում և Լիբիայի այլ քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել։ Ցուցարարները փակել են ճանապարհները, այրել անվադողեր, թափահարել Պաղեստինի դրոշը։

Լիբիայում մի քանի տարի է՝ քաղաքական ճգնաժամ է․ երկիրը բաժանված է Տրիպոլիի միջազգայնորեն ճանաչված կառավարության և արևելքում վերահսկողություն ունեցող կառավարության միջև։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս