Ուկրաինան հաղորդել է Կրիվոյ Ռոգի և Պոլտավայի մարզի հրթիռակոծության մասին․ կա 2 զոհ և վիրավորներ
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը գիշերը նախազգուշացրել են երկրի տարածքի մեծ մասում հրթիռային հարվածների վտանգի մասին։ Հարվածի տակ են հայտնվել Կրիվոյ Ռոգը և Պոլտավայի մարզը։ Հաղորդվում է խաղաղ բնակչության շրջանում 2 զոհի մասին։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ի ռուսական ծառայությունից։
Օդային տագնապ է հայտարարվել, մասնավորապես, Նիկոլաևի, Խերսոնի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի և Օդեսայի մարզերում, այնուհետև այն տարածվել է Ուկրաինայի արևելյան, կենտրոնական և հյուսիսային այլ շրջանների վրա։
Ուկրաինայի նախագահի գրասենյակից էլ հաղորդել են, որ ռուսական կողմը հրթիռային հարված է հասցրել Պոլտավայի մարզի Գոգոլևո բնակավայրին, որի հետևանքով 2 մարդ է զոհվել, 5-ը՝ վիրավորվել։ Ըստ Պոլտավայի մարզի իշխանությունների՝ հարվածի հետևանքով լիովին ավերվել է արդյունաբերական օբյեկտներից մեկի արտադրամասը։
Իսկ Դնեպրոպետրովսկի մարզի իշխանությունները հաղորդել են, որ ռուսական բանակը, «հարավային ուղղությունից կիրառելով մարտավարական ավիացիա», հրթիռային հարված է հասցրել Կրիվոյ Ռոգ քաղաքին։ Փլվել է 2 ամառանոց, ևս 5 ամառանոց՝ վնասվել։ Նաև այրվել է տնտեսական շինություն։ Տուժածներ չկան։