Փաշինյանն իր գլուխը պետք է բնից հանի, ես անձամբ իրեն մարտահրավեր եմ նետում․ Թևանյան

Շատ կարևոր է, որ մթնոլորտ փոխվի երկրում և ընտրությունները ոչ թե քաղաքականացվեն, այլ գերքաղաքականացվեն՝ Նոր Նորքի ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

«Մեզ անհրաժեշտ է, որ քաղաքացիների պահանջով եւ ճնշմամբ Նիկոլ Փաշինյանն իր գլուխը բնից հանի և գա, մասնակցի ընտրությունների այս քարոզարշավի ընթացքին և բացատրություններ տա։ Ես իրեն անձամբ մարտահրավեր եմ նետում․ եթե ասելիք ունի, եթե իր համար խնդիր չկա որևէ մեկի հետ բանավիճելու, թող գա, ես կասեմ, թե որը ինչ ձևով պետք է ներկայացնել և որ ինքը բացարձակապես զրո է քաղաքականության մեջ ոչ միայն իր տգիտությամբ, այլ նաև իր հակապետական քայլերով»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։

ՔՊ-ն եթե ռիսկ ունի, ասաց նա, թող իր առաջնորդով մասնակցի այս ընտրություններին, ոչ թե թաքնվի տարրբեր թեկնածուների և այլնի ետեւում։

Քարոզարշավի ընթացքում նրա համար նաև ակնհայտ է դարձել, որ թեկնածուներից մեկը պետք է նարկոդիսպանսերից թուղթ բերի և ապացուցի, որ ինքը առողջ է հոգեպես և այլ առումներով և կարող է մասնակցել և հավակնել որևէ պաշտոնի։

«Մնացածը քաղաքացիների գործն է։ Մեր քաղաքացիները պետք է պահանջատեր լինեն և ստիպեն, որ թեկնածուներն իրենց առողջության և անառողջության մասով տեղեկանք ներկայացնեն։ Եթե չներկայացնեն՝ հետևությունները քաղաքացիները պետք է անեն»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։

«Մայր Հայաստանի» ծրագրում կա կետ, որով դաշինքը պետք է նարկոտրաֆիկինգի դեմ պայքարի, քանի որ գործող իշխանությունների օրոք թմրամոլությունը Հայաստանում սարսափելի չափերի է հասել։

«Բացի այն, որ Հայաստանում իշխանություններն այդ բիզնեսի մեջ են ներգրավված, նաև քարոզում են թմրամոլություն»,-նկատեց Անդրանիկ Թևանյանը։

Քաղաքապետարանը թմրամոլության քարոզի դեմ պայքարում հսկայական աշխատանք կարող է իրականացնել, որը չի արվում։

Տեսանյութեր

Լրահոս