Սուրբ Երրորդություն
Աստված, կատարյալ կյանք և կատարյալ սեր լինելով, ծավալում է և իսկական գործունեություն: Նորա բոլոր գործունեությունը և կամ բոլոր հարաբերությունը աշխարհի հետ իրականանում է Հոր, Որդու և Ս. Հոգու հայտնությամբ կամ Ս. Երրորդությամբ: Մեր հավատքը խելամուտ է դարձնում մեզ, ու մենք աստվածային կյանք ու սեր ենք վայելում այդ Ս. Երրորդության շնորհաց շրջանում, ըստ որում` մենք ստանում ենք այդ կյանքը Հոր Աստուծուց, որ մեր Արարիչն է, Որդի Աստուծուց, որ մեր փրկիչն է, Հոգի Աստուծուց, որ մեր քավիչն ու որդեգրիչն է:
Հայր, Որդի և Ս. Հոգի. սոքա ո՛չ կատարելություններ են միայն և ո՛չ էլ աստվածային գործունեության երևույթներ, այլ անձինք են: Յուրաքանչյուր անձն, որ կատարյալ և իսկական ինքնագիտակցություն է, Աստուծո ամբողջ էության հայտնությունն է և ունի յուր մեջ աստվածային բոլոր կատարելությունները: Կատարյալ Աստված է Հայրը, որ ստեղծել է աշխարհը յուր Աստվածային բանով և հավիտենից յուր արքայությունը տնօրինել: Կատարյալ Աստված է և Որդին, Աստուծո բանը, որ ի սկզբանե «առ Աստված էր և Աստված էր» և մարդանալով բնակեց մեր մեջ (Հովհ., Ա 14. Փիլ., Բ 6. Եբր., Ա 3. Մատթ., ԺԱ 27): Կատարյալ Աստված է և Ս. Հոգին, որով ճանաչում ենք Աստուծուն և աստվածայինը, քննում ենք Աստուծո խորքերը, խոստովանում ենք Քրիստոսին ու նորոգվում, լուսավորվում (Մատթ., ԻԸ 19. Ա Կոր., Բ 10. ԺԲ 37. Բ Կոր., ԺԳ 13. Տիտ., Գ 4-6): Երեք անձինք, բայց մի Աստված. մի սեր, բայցև յուրաքանչյուրը կատարյալ սեր յուր հատուկ հայտնության մեջ. «Լոյս երրեակ, եւ մի անբաժանելի` Սուրբ Երրորդութիւն» (Շար., էջ 597):
Ս. Երրորդությունը այնքան անհրաժեշտ մի դավանանք է, որ առանց նորան քրիստոնեական կրոնն, ըստ ամենայնի, անկատար կլիներ: Այդ է պատճառն, որ թեև Աստուծո նախապատրաստական հայտնությունը գործ ուներ ժողովրդի կռապաշտության հետ և նախապես պետք է շարունակ կռվեր նոցա բազմաստվածության դեմ և ուրեմն Աստուծո միությունը միայն ծանուցաներ, այսով հանդերձ այդ հայտնությունն էլ յաճախ ակնարկում է Ս. Երրորդության դավանանքը (Ծննդ., Ա 26. Զ 3. Ելք, Զ 3. ԽԸ 16. ԽԳ 10. Թիվք, Զ 22. Առ., Ը 22-36. Ես., ԿԱ 1. Թ, ԿԳ. Սաղմ., ՃԹ 1, ԼԲ 6. ԾԱ 13. Հովբ, Լ 4. Ա): Ուստիև Նոր Ուխտում Քրիստոսի փրկությունը վայելում են միմիայն նոքա, որոնք մկրտվում են «յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ» (Մատթ., ԻԸ 19). ինչպես և Ս. Երրորդության փառքը հայտնվեց Հիսուսի մկրտության միջոցին հանդիսապես. (Մատթ., Գ 16, 17. Մարկ., Ա 10 11. Ղուկ., Գ 21, 22. Հովհ., Ա 32-34), այլև աստվածային բոլոր շնորհներն առհասարակ պարգևում են հավատացելոց միմիայն Ս. Երրորդության դավանանքի խորհրդով (Բ Կոր., ԺԳ 13. Ա Կոր., ԺԲ 4-7. Ա Պետր., Ա 2). ինչպեսև ամփոփ ու հակիրճ արտահայտում է Ս. Գրիգոր Լուսավորիչը. «Հայր ամենակալ, Որդի բարերար` տուող մեզ զկեանս, եւ Հոգի Սուրբ, նորոգող զհաւատացեալս» (տե՛ս և Հաճ., Զ 1-8):
Ս. Երրորդության դավանանքն Աստուծո այն հայտնություն է, որ էապես որոշում է քրիստոնեական ճշմարիտ հավատքը աստվածյան և համաստվածյան մոլորությունից: Առաջինը, սնունդ ստանալով հրեական միակողմանի տեսությունից, անանցանելի խորխորատ է բաց անում Աստուծո և մարդու մեջ, իսկ երկրորդը, սնվելով հեթանոս աշխարհում, խառնում է աստվածությունն արարածական աշխարհի հետ: Քրիստոնեությունը դրավ երկուսի դեմ Աստուծո կատարյալ սիրո հայտնությունը, սակայն այդ երկու մոլորությունք, հարատևելով, երևան եկան Արիոսյան և Սաբելյան աղանդի մեջ, որոնց դեմ պատերազմ մղեց քրիստոնեական եկեղեցին:
Արիոսյանք, ընկնելով հրեության մեջ, միմիայն Հորն են Աստված ճանաչում, իսկ Որդի ու Հոգի Աստուծուն համարում են ստորադրյալ և արարածական էակներ: Աստված կառավարում է աշխարհը` անհասկանալի վեհության մեջ բարձր գահի վրա բազմած, և մարդ երբեք չի կարող նորան տեսնել, զի Աստուծո ներգործությունն աշխարհի վրա լինում է` ինչպես մատի մի ծայրով: Ուրեմն, նա աշխարհից դուրս է, շատ բարձր ու անմատչելի:
Քրիստոնեությունն այս աղանդի դեմ քարոզում է, որ Աստուծո սերն իրագործվում է յուր ի հավիտենից ծնյալ Որդու գործակցությամբ ու մարդեղությամբ, վասնզի Քրիստոս միմիայն իբրև Աստված կարող էր ճշմարիտ հայտնություն տալ մեզ ու փրկագործել. միմիայն Աստվածն Քրիստոս կարող էր վերացնել Աստուծո և մարդու միջի բացված խորխորատը: Իսկ այդ փրկությունը յուրացնել և Աստուծուն սիրել կարող ենք մենք դարձյալ Աստուծով, այն է` Ս. Հոգով, որով մենք մոտենում ենք մեր Աստուծուն: Աստված է մեր միակ սիրելին և մեր բոլոր ճանաչողության ու սիրո հիմքն ու հաստատությունը:
Սաբելյան աղանդն էլ ընդունում է Հոր, Որդու ու Ս. Հոգու աստվածությունը, սակայն դոցա ոչ թե անձն է համարում, այլ միևնույն աստվածության այլևայլ ժամանակի երևումը, ըստ որում` դոքա գոյություն չունին աշխարհից անկախ, այլ Աստված, ըստ ամենայնի, մեկ է և անձն չէ կամ ամեն որոշմունքից վեր է: Իբրև արարիչ նա հայր է մեր կրոնական պատկերացմամբ, Քրիստոսի մեջ որդի է, իսկ եկեղեցու մեջ` Ս. Հոգի:
Քրիստոնեությունն այս ևս մերժում է, վասնզի ի՞նչ սեր կլինի այն Աստվածն, որ միմիայն Քրիստոսի մեջ է գիտակցության գալիս և եկեղեցու մեջ է իմանում, որ ինքը Հոգի է. հետևաբար նա կախված կլինի աշխարհից և ուրեմն ազատապես չէ հայտնվում, չունի յուր ներքին կյանքը և ներքին կյանքում զուրկ է սիրուց: Այլև ի նկատի պետք է ունենանք, որ եթե Աստված զինքն հայտնում է մեզ երեք անձանց, այն է` Հոր, Որդու և Ս. Հոգու մեջ, ուրեմն և ի հավիտենից երեք անձինք` Հայրը, Որդին ու Ս. Հոգին, պետք է Աստուծուն ինքյան սիրեն: Այստեղից դուրս է գալիս, որ այդ երեք անձինք մեկ դեպի աշխարհին են վերաբերմունք ունենում և մեկ դեպի ինքյանց, և իրար սիրով ու կյանքով ցոլանում (Հովհ., ԺԴ 9. 17. ԺԷ 26. ԺԶ 13): Իսկ սաբելականք, լոկ դիմակ դարձնելով և ժխտելով երեք անձանց, ժխտում են և Աստուծո կյանքի ու սիրո այս մեծ գործունեությունը թե՛ յուր մեջ և թե՛ դեպի աշխարհ: Այդպիսով այդ աղանդը վերացնում է նաև Աստուծո անկախությունն աշխարհից ու վեհությունը: Ըստ որում` մոլորվում են թե՛ հին սաբելանք և թե՛ նորերը, որոնք Շլայերմախերի ու Հեգելի ցանած սերմերով աճում են բողոքական աշխարհում զանազան ձևակերպությանց մեջ` կամ թափառելով սաբելականության բավիղում (Շլայերմախեր և ընկ.) կամ գլորվելով արիոսականության խորխորատը (Շվեդիոբորգ և ընկ.): Զարմանալի չէ, եթե Ս. Երրորդության դավանանքը վերացնողների դեմ եռաստվածության դավանող էլ գտնվեց` ինչպես Փիլիպպոնը (580-ին) յուր հետևողներով (Շարլսկկե, Էմբս) զանազան դարերում, որ Ս. Երրորդության «մի Էությունը» նույնանիշ համարեց «սեռ» ասածին` օրինակ բերելով երեք մարդու, որոնք բոլորն էլ մարդիկ են, սակայն երեք անձինք են:
Նախընթացում ասել ենք, որ մենք չենք կարող գիտենալ Աստուծո Էությունը, վասնզի մենք արարած ենք, սակայն Աստված հայտնում է յուր Էության մասին: Նա հայտնվել է Ս. Երրորդության մեջ, իսկ ինչ որ հայտնվում է, կա նորա էության մեջ, որ հայտնվում է: Հետևաբար Ս. Երրորդության դավանանքն իսկապես Աստուծո էության ճանաչողությունն է, որ մենք պետք է ունենանք. «Այլ մեզ յայտնեաց Աստուած Հոգւովն իւրով. զի Հոգին զամենայն քննէ եւ զխորս Աստուծոյ: Զի ո՞ք ի մարդկանէ գիտէ ինչ զմարդոյն, եթէ ոչ` հոգի մարդոյն, որ ի նմա. նոյնպէս եւ ոչ Աստուծոյսն ոք գիտէ, եթէ ոչ` Հոգին Աստուծոյ: Այլ մեք ոչ եթէ զհոգի աշխարհիս առաք, այլ զՀոգին, որ յԱստուծոյ. զի ծանիցուք զայն, որ յԱստուծոյն շնորհեցաւ մեզ» (Ա Կոր., Բ 10-12): Ս. Հոգին գիտե Աստուծո խորքերը, և մենք, Ս. Հոգի ստացած լինելով, կարող ենք մարդկապես պարզել մեր առաջ այս աստվածաճանաչությունը տրամաբանական դատողությամբ ևս:
Նախ` Աստված կատարյալ կյանք է. ամեն կյանք գործունեություն է ու գիտակցություն, և այն է ամենակատարյալ կյանքն, որ ամենընդարձակ գործունեություն ունի: Աստված էլ յուր հավիտենական զորությամբ պետք է նաև հավիտենական գործունեություն ունենա, որ և ունի յուր էության մեջ: Աստված չի կարող կատարյալ կյանք լինել առանց Ս. Երրորդության. Աստվածությունն յուր հավիտենական կյանքում չէր կարող կենսական գործունեություն ունենալ, եթե ինքը միայն գոլով, ինքյանից տարբերելու և յուր հետ միացնելու բան չունենար յուր հետ, իսկ այդ տարբերումն ու միացումը լինում է Որդու ի հավիտենից ծննդյամբ և Ս. Հոգու անհատահոս բղխմամբ: Սոցանով հավիտենական կյանքն ու հավիտենական գործունեությունը հավիտենական առարկա էլ է ունենում յուր հավիտենական էության մեջ: Նորա մեջ հարաբերություն է գոյանում մեկի Հայրությամբ ու մյուսի Որդիությամբ, որոնք և մի բնություն և մի էություն ունին Էաբուղխ ու հայրաշարժ Ս. Հոգու միությամբ, ըստ որում` գործունեությունն ու կյանքը կատարյալ են դառնում:
Երկրորդ` մարդու հոգու նմանությամբ ևս հաստատվում է նույն դավանանքը. մարդն ունի միտք, կամք և զգացմունք. դոքա անձնավորություններ չեն, այլ` կարողությունք: Սակայն այդ երեքն Աստուծո մեջ իրողություն են, վասնզի Աստուծո մեջ մտածողությունն ու գոյությունը մեկ է, մտածողության ու գոյության միջև հակադրություն չկա, և ամենայն գոյություն նորանից է ծավալվում. մինչդեռ մեր մեջ մտածողության ու գոյության միջև հակադրություն կա մեր սահմանափակության և արարածականության պատճառով: Ուստիև հոգեկան երեք կարողություններն անձնավորություն չեն, իսկ Աստուծո մեջ կամք, միտք և զգացմունք անձինք են:
Եվ երրորդ` Աստուծո հավիտենական գործունեությունը ստանում է յուր կատարումը նախ` յուր մեջ և ապա` դեպի աշխարհ. յուր մեջ կատարվում է Ս. Երրորդության հարաբերությամբ կամ առնչությամբ, իսկ աշխարհի վերաբերմամբ` նոցա հայտնությամբ: Յուր մեջ հավիտենական գործունեությունը չի կարող առանց հավիտենական ինքնագիտակցության լինել, իսկ ինքնագիտակցությունը պահանջում է կատարյալ «դու» և «ես», առանց որոնց ո՛չ անձն կլինի և ո՛չ ներքին հավիտենական գործունեություն: Իսկ երկվության հակադրությունն ու հակառակությունը վերանում է միմիայն երրորդությամբ, ինչպես եռանկյունու մեջ` ըստ հին հայրերի տեսական օրինակին: Այսպիսով, Աստուծո գործունյա ինքնագիտակցությունն ստանում է յուր կատարումը Հոր և Որդու մեջ, որոնցում սփռվում է Աստուծո էությունը, իսկ երրորդ անձը` Ս. Հոգին, բղխելով Հորից և առնելով Որդուց` երկուսի հետ մի միություն, մի էություն ու կատարյալ սեր է կազմում իբրև «անհատահոս վտակ»:
Ս. Երրորդության մեջ որոշվում է այն վերոհիշյալ առնչականությունն, որ արտահայտվում է Հայր, Որդի և Սուրբ Հոգի անուններով, այսինքն` որ Հայրը ծնող է Որդուն և բղխող Ս. Հոգուն. «Հայր արարչական զօրութիւն, որ ունի նշանակ թագաւորական զօրութեանն. Որդի բնական զօրութիւն, որով երեւի դատողական զօրութիւնն. Հոգի հաշտական զօրութիւն, որով յայտնի երեւի կենարար զօրութիւն. եւ ասի միասնական աստուածութիւն» (Եղիշե, 308-309): Միևնույն աստվածային զորությունը, մեկ լինելով հանդերձ, հայտնվում է երեք որոշ անձանց մեջ, որոնցից յուրաքանչյուրը մեկ Աստուծո հայտնությունն է: Սկզբնական հիմք, սկզբնական աղբյուր է Հայրն Աստված (Հակ., Ա 18): Նա անտեսանելի է և, յուր կատարյալ լիությամբ ծավալվելով, հայտնվում է Որդու և Ս. Հոգու մեջ ու հայտնի դառնում (Հովհ., Ա 18. Ա Կոր., Բ 10): Որդին «պատկեր է աներեւոյթին Աստուծոյ» ի հավիտենից ծնյալ (Ա Կոր., Ա 5), Հոր փառքը (Եբր., Ա 2), որին Հայրը «ետ ունել կեանս յանձին իւրում» (Հովհ., Ե 26) և «ամենայն ինչ նովաւ եղեւ» (Հովհ., Ա 3), «որով զյաւիտեանսն արար» (Եբր., Ա 3. Կող., Ա 16): Ինչպես որ մեր գիտակցության լինելու համար արտաքին աշխարհն է պետք, այնպես էլ հավիտենական Աստուծո գիտակցության համար ոչ թե ժամանակավոր աշխարհն է պետք, որ չէր էլ եղել, այլ գաղափար, երկնավոր գաղափարների աշխարհ, որ բղխում է Աստուծո խորքից:
Այդ գաղափարները խառնիխուռն չեն, այլ որոշապես ու կանոնավոր, և այդ որոշ ու կանոնավորությունը նորանով է հաստատ, որ նույնիսկ Աստուծո էությունից է ծնվում իբրև մտածողության սկզբունք, կատարյալ լույս ու կյանք կամ աստվածային ճշմարիտ իրականություն: Այդ է, որ կոչվում է Բան, որ ի սկզբանե էր, առ Աստված էր և Աստված էր. որ Աստուծո բացարձակ հայտնությունն է, և որի մեջ հայտնվում է փրկությունը յուր բոլոր լրությամբ: Նա է Բանը, զի նորա յուրաքանչյուր խոսքը փրկչական է և կենդանարար ամենայն մարդու և ժամանակի համար և աշխարհ է շարժում ու նորոգում (Ընդհանր., էջ 165): Նա հավիտենական Բան է, որով Հայրն ինքն ինքյան գիտե և որ խոսված և խոսող, հայտնված ու հայտնող Բան է: Այսպիսով, Հայրն Աստված ոչ թե միայն Հայր է արարածների և կամ արարածական աշխարհի գաղափարի, ինչպես ուսուցանում է Փիլոն Եբրայեցին, այլ Հայր է մտածող Բանին, առանց որին ոչ մի միտք, ոչ մի գաղափար չի կարող Հորը ներկայանալ իբրև մի տարբեր առարկա: Աստուծո Որդվով որոշվում է Աստուծո մեջ ճշմարիտ գիտակցություն, «ես», որ առանց «դու»-ի չի կարող լինել: Աստուծո Որդվով Աստուծո մտքի աշխարհը, գաղափարի աշխարհը, երկնավոր աշխարհը դառնում է իրականություն, անվերջություն, անսահմանություն և կատարելություն:
Հայրական աղբյուրից ծավալված մտավոր կամ գաղափարների աշխարհը, հայտնվելով Որդու մեջ, աստվածային փառաց լուսավորումն է ստանում ու վեհության մի ներքին արքայություն դառնում Ս. Հոգով: Ս. Հոգին բղխում է Հորից ազատապես, առնում է Որդուց, բղխում է անհատաբար, որով և Հոր ու Որդու առնչությունը դառնում է սիրո հարաբերություն ու կապ: Բայց նա Ս. Հոգի է, ուստիև Աստուծո հոգիության կատարյալ հայտնությունն է և Հոր ու Որդու սիրո իրականությունը, ինչպես որ Որդին Աստուծո մտքի հայտնությունն ու իրականությունն է: Յուրաքանչյուր անձն ներկայացնում է մեզ կատարյալ աստվածության հայտնությունը. ոչ ոք` փոքր և ոչ ոք` հառաջ ու հետո, այլ երեքն ևս` հավասար և ի հավիտենից, միայն թե Հայրը` սկիզբն ու ծնող, Որդին` ծնունդ և Ս. Հոգին` բղխումն. «Որպէս բոց եւ ջերմութիւն ի հուր, որպէս լոյս եւ տապ յարեգակն[1], որպէս ջուր եւ բղխումն յաղբերէ. որպէս բան եւ հոգի ի մտաց»:
«Որպէս հոգի, միտք եւ բան մի հոգի ասի եւ ոչ երբէք` հոգիք. այլ հոգի ասի կենդանութիւնս, եւ միտք ասի իմաստութիւնս, եւ բան ասի խօսողութիւնս` միոյ հոգւոյն. այդպէս եւ Հայր` անծին իսկութեամբ, անսկիզբն էութեամբ, Հայր` վասն միշտ Որդւոյն, որ ընդ նմա, եւ իսկ Հոգւոյն, որ ընդ նմա» (Հաճախ., Ա 70. Եզնիկ, 123): «Անքնին միութիւն Երրորդութեանն, մի իսկութիւն, մի էութիւն, մի աստուածութիւն, Հայր եւ Որդի եւ ս. Հոգին ի նոցունց ի նոսին. իսկութեամբն, էութեամբն, աստուածութեամբն` հարթ, հաւասար, հասարակ. ի խորութիւնս, ի բարձրութիւնս, ի լայնութիւնս, յերկայնութիւնս, մի էութիւն բնութեան, մի պսակ երրորդութեանն, եւ լի են երկինք եւ երկիր փառօք նորա» (Ագաթ., ԼԷ, տե՛ս և Հարց., 51-60, 107-110. Ընդհ., 13):
«Ի Հօրէն Որդի եւ Հոգին Սուրբ, այլ ոչ կոչին եղբարք եւ ոչ որդիք երկոքեանն…: Քանզի Հայրը ծնող է, Որդին` ծնունդ, եւ Հոգին սուրբ ելող է. եւ նստի Որդի ընդ աջմէ Հօր, եւ Հոգի Սուրբ ընդ աջմէ Որդւոյ»: «Եւ արդ ոչ մեծ եւ ոչ փոքր ի Ս. Երրորդութեանն երեւի, զի զմեծ եւ զփոքր, զծանր եւ զթեթեւ, զշատ եւ զսակաւ` ժամք եւ ժամանակք բովանդակեն, իսկ ուր ո՛չ ժամք եւ ո՛չ ժամանակք, ո՛չ չափ եւ ո՛չ կշիռ մերձենայ յանբաւելի բնութիւնն, անդ ոչ նկատի ո՛չ փոքր եւ ո՛չ մեծ: …Արդ, զայս դաւանութիւն ընկալան Հայք ի Մեծէն Գրիգորէ եւ ի Ս. Ռստակիսէ եւ յերանելւոյն Ներսիսէ»[2]:
Բայց Աստված, աղբյուր և անհատնում հիմք լինելով երկնավոր գաղափարների ու զորությանց, յուր կատարյալ փառքը հայտնած չէր լինիլ, եթե միմիայն յուր մեջ ամփոփվեր: Նա իբրև կատարյալ Տեր և կատարյալ սեր կամեցավ հայտնվել գիտակցական մի աշխարհի, որով տեր է ազատ աշխարհի վրա և կատարյալ սեր է ոչ միայն դեպի յուր կատարելությունն, այլև դեպի անկատար անձինք: Ահա և Աստված ստեղծում է վերջական անձանց աշխարհն, որում և հիմնում է յուր կատարյալ սիրո արքայությունը: Ստեղծագործությունն իբրև աստվածային տնօրինության կամ Հոր կամաց իրականացումն` կատարվում է Որդվով, որ և ժամանակը լրանալուց հետո Հոր և աշխարհի բազմազանության մեջ միջնորդ է ներկայանում: Աստուծո հավիտենական տնօրինությունք աշխարհում Աստուծո արքայության համար հայտնվում են Քրիստոսի մեջ, և ապա այդ տնօրինությանց իրականացումը կատարվում է Ս. Հոգով: Որդին որդիացնում է մարդկանց յուր Հորը և աստվածային բարյաց մասնակից անում, իսկ Ս. Հոգին կենդանագործում է մարդկանց և աստվածային սիրո զորացուցիչ շաղկապով լուսավորում նոցա նորոգ կյանքի մեջ, ինչպեսև ստեղծագործության ժամանակ նույն Ս. Հոգին էր, որ համագործ էր Որդուն և նորա գործի հավիտենական կարելիությանց ներքին կազմակերպություն էր տալիս ու զարդարում իմաստությամբ[3]:
Հայրն Աստված հայտնվում է նախապատրաստական օրենքի և մարգարեությանց մեջ, Որդին Աստված` ժամանակի լրման մեջ, իսկ յոթներորդաց տոնին իջնում է Ս. Հոգին հավատացելոց մեջ:
Այսպիսով, Ս. Երրորդության դավանանքը պարունակում է յուր մեջ երկու նշանավոր խորհուրդներ, որոնցից մեկը վերաբերում է Աստուծո ներքին կյանքի փառաց և երկրորդը` դեպի աշխարհն ունեցած հայտնության: Առաջինն արդեն մեր հավատատենչ քննությամբ ուսումնասիրեցինք, այժմ էլ մնում է մեզ թևակոխել այդ երկրորդ շրջանը, խոսելով նախ` Հոր Աստուծո գործոց, ապա` Որդու փրկագործության և ապա` Ս. Հոգու շնորհաբաշխության վրա, ինչպեսև նույն կարգով դավանում ենք մեր Հավատամքի մեջ:
[1] Տե՛ս եւ Ա Տիմ., Զ 16. Հովհ., Ա 4-10. Զ, 12. Ղուկ., Ա 48. Եբր., Ա 2-3. Մատթ., Գ 11. Ղուկ., Գ 16. Ա Թես., Ե 19: Հմմտ. Մեկն. Ժամ., էջ 321-323:
[2] Մամբրե Վերծանող, Ճառք, [էջ 70]:
[3] «Զոր Հայր եւ Որդի`զնոյն եւ Հոգին ներգործեաց: Եւ ինքն է Աստուած` խնկեալ տիրապէս ամենայն յամենայնի: Քանզի ոչ նախաթուելովն յերրորդութեանն ոք մեծ ինչքան զմիւսն. եւ կամ զկնի անուանիլն նուաստագոյն առ նմանն: Եւ կամ ի մինն ասելով` խառնակութիւն գոլ դիմացն եւ կամ յերիցն տրոհումն` ուրոյնութիւն էլ կամացն: Քանզի անմեծար Հայր ամենայնիւ է, թէ ոչ զբանն ունիցի ինքեան զօրութիւն: Որպէս ոչ գոլով ընդ նմա Հոգւոյն անհագագ ոմն եւ անկենդան. եւ առ ամենայն հրաման նուազեալ: Իսկ բանն` եթէ ոչ անուամբ Հօրն ծանիցի, որբ ոմն եւ կամ լքեալ եւ կամ ի մահկանացուէ ումեմնէ յոչէէ: Որպէս եւ Հոգին` եթէ ոչ ի պատճառէն նշանակեսցի, ապաշուք ոմն թափառեալ իբր զշունչ ինչ անդասելի»: Ս. Գրիգոր Նարեկացի:
Արշակ Տեր-Միքելյան
«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից