Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը
Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Հաշվի առնելով հիվանդության ծանր ընթացքը և հետագա բարդություններից խուսափելու նպատակով` առողջապահության նախարարությունը հորդորում է.
- զե՛րծ մնացեք տնային պայմաններում պահածոներ պատրաստելուց,
- մի՛ գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,
- հիվանդության առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե՛ք բժշկի:
Բոտուլիզմի հիմնական ախտանշաններն են`
- սրտխառնոցը, փսխումները, փորլուծությունը կամ փորկապությունը, որովայնի շրջանում ցավերը,
- գլխապտույտը, ընդհանուր թուլությունը, բերանի չորությունը,
- տեսողության խանգարումը (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսությունը, բբերի լայնացումը, կոպի իջեցումը,
- խոսքի խանգարումը (խռպոտություն, ռնգախոսություն), շնչահեղձությունը, կլման ակտի խանգարումը, հավասարակողմ կաթվածը:
Նշենք, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի և կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի ու զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ այն բազմանում և արտադրում է թույն: Նման պայմաններ ստեղծվում են հերմետիկ փակված պահածոներում:
Հարուցչի ոչնչացումը հնարավոր է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և ջերմության (120-130°C) ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում։ Տանը հնարավոր չէ ապահովել նշված պայմանները: