Երկու ահը մի մահ է, կամ «Քաջ Նազարը» հանճարեղ հեքիաթ է
Օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը երկու տարվա ընդմիջումից, 2021թ. Սյունիքի մարզ կատարած անփառունակ այցից, «Սյունյաց ողջույնների» արժանանալուց հետո կրկին մեկնեց Սյունիք:
Երբ փոքր երեխաները շնից վախենում են, ծնողներն այդ վախը հաղթահարելու համար հաճախ սկսում են շուն պահել կամ երեխային կենդանիների, մասնավորապես՝ շների հետ շփման հնարավորություն շուտ-շուտ տալ, որ վերջիններս հաղթահարեն այդ վախը:
Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցն այդ շարքից էր. գնացել էր, որ նախ վախը հաղթահարի, հետո էլ մարդկանց ցույց տա, որ «Սյունյաց ողջույնների» կազմակերպիչներից վերջինին նույնպես «կոտրել է»:
Այս թեմային թերևս արդեն կարիք չկա անդրադառնալու, սակայն իր պայքարը քաղաքական չհամարող, իրեն քննադատողների ծնոտները ջարդել սպառնացող, Նիկոլ Փաշինյանին ընտրված վարչապետ համարող անձին ամեն դեպքում հիշեցնենք, որ քաղաքապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է, Արցախը, որի համար ինքը պայքարում էր, Ադրբեջանին է հանձնվել քաղաքական որոշման արդյունքում, իշխանափոխության կոչերով ցույցերին իր մասնակցությունը քաղաքական էր, ոչ թե ժամանցային, իսկ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի քվեն ստացած էր նաև այն ժամանակ, երբ ինքը վերջինիս կապիկ էր համարում ու նրա համար «ջերմ» ընդունելություն էր կազմակերպում Սյունիքում:
Բայց սա՝ իմիջիայլոց:
Երեկ մամուլը գրեց, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիքի մարզ այցն իսկական գլխացավանք ու նյարդերի պայքար է եղել՝ ինչպես մարզային իշխանությունների, այնպես էլ՝ Երևանից իր հետ մեկնած պատգամավորների ու այլ պաշտոնատար անձանց համար, քանի որ Նիկոլ Փաշինյանն այնքան է անհանգստացած եղել իր անվտանգության համար, որ րոպեն մեկ փոխել է ինչպես իր երթուղիները, այնպես էլ այցելության վայրերը:
Բայց սա ամենը չէ: Երևան-Կապան ըստ էության փուչիկ գովազդային ավիաչվերթով Սյունիք մեկնած Նիկոլ Փաշինյանը Երևան վերադարձավ ավտոմեքենայով:
Նիկոլ Փաշինյանի վոյաժին ականատես 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի ճանապարհներով երբեմնի ժողվարչապետը երթևեկում էր Ճանապարհային ոստիկանության 22 մեքենաների, 18-20 ամենագնացների, 3 ավտոբուս կարմիրբերետավորների ուղեկցությամբ:
Նիկոլ Փաշինյանը թերևս լավ է ուսումնասիրել հայկական ժողովրդական առածանին ու լավ գիտի, որ «երկու ահը մի մահ է»: Այնպես որ, նրա վարքագիծը տվյալ իրավիճակում լրիվ տեղավորվում է իր տրամաբանության շրջանակներում: