Հոգևոր մերկապարի վերջին արարը
Հայաստանն ապրում է ավելացող ուտելիքի ու պակասող հայրենիքի զսպանակաձև տիրույթում, որի կարևոր պայմաններից մեկը փոքրացող հայրենիքի առթիվ լռությունն է։ Ավելացող սննդի դիմաց, բնականաբար։ Սնունդն էլ միայն ծամելիքը չէ, հարկավ, այլ նաև սպառման ենթակա ամենայն մատերիա՝ տեղեկատվական աղբի գլխավորությամբ ու մեծացող չափաբաժիններով։ Այս գործընթացի և այն կառավարողների հաշվարկի հիմքում ընկած է սպառողականության հայեցակարգը։
Դրա շրջանակներում արվում է ամեն ինչ՝ հասարակությանը հիպերսպառողական զանգվածի վերածելու նպատակով, իսկ այդ ռեժիմում ինչ-որ պահից սկսած կարևոր է դառնում ոչ թե բուն սպառման առարկան, այլ սպառումն ինքնին՝ սննդից ու հագուստից՝ մինչև խոհանոցային սկանդալներ ու նորմատիվային կյանքից շեղված պատմություններ։ Հասարակությանը մատուցվում է ուտելիք և քննարկելիք, թեև դա բացարձակ չէ ու այնպես չէ, որ սնունդը հերիքում է բոլորին։
Իշխանությունը, սակայն, գտել է նաև ֆիզիկական ու տեղեկատվական սննդի խախտված հարաբերակցությունն օգտագործելու մեխանիզմը։ Ավելի անոթիները ստանում են քննարկելու ավելի շատ առիթներ, իսկ նրանք, ովքեր հարաբերականորեն կուշտ են՝ ապահովում են սովածների բամբասանյութը՝ սեփական սպառողականությունը սոցիալական ցանցերում ի ցույց դնելով։
Հայ հասարակությունը վերածվել է անընդհատ պտտվող անիվի մեջ գտնվող կենսաբանական օբյեկտի, որի սնունդն ապահովում են պտույտին դիմակայելու ուժ ունենալու համար և ապահովում են այնքան ու այնպես, որ չզգա անիվի աստիճանական փոքրացումը։
Հանրային այս էքստազն ավարտվելու է այն օրը, երբ շրջանակի ներսում գտնվող ու սպառողականության կերով հագեցած զանգվածը հայտնաբերի անիվի սեղմումը, որի արդյունքում առավել կուշտերը կարող են հասցնել ճողոպրել, իսկ անոթիները՝ քննարկելով հեռացողների փախուստի մանրամասները՝ կսպասեն, մինչև սեղմումը հասնի ստորին կետին՝ պետության ավարտին։
Մենք կամ չենք գիտակցում (ինչը վատ է), կամ գիտակցում ենք (ինչն ավելի վատ է), որ սպառողականության այս մրցավազքում սպառում ենք նաև պետության ու պետականության վերջին մնացուկները։ Դա հնարավոր է դարձել, ի թիվս այլ գործոնների, իսկ գուցե առաջին հերթին՝ այն պատճառով, որ որպես հանրություն՝ թույլ ենք տվել, որ մեր գիտակցությունից ու արժեհամակարգից հանեն այն ամենայնը, ինչը մարդկանց սպառողների կույտը տարբերում է պատասխանատու հասարակությունից, անսուրբ զվարճախմբին՝ հայրենիք ունեցող ազգից։
Ամենազարհուրելին այն է, որ մեր կոլեկտիվ գիտակցության մեջ առնվազն հարյուրամյակներ, եթե ոչ՝ ավելի, գոյություն ունեցած ազգային ինքնությունը հնարավոր է դարձել գրեթե իսպառ ոչնչացնել շատ փոքր ժամանակահատվածի՝ վերջին հինգ, գուցե նախորդած ևս հինգ տարիների ընթացքում։ Իսկ դա ստիպում է մտածել, որ կամ իրականում մենք չենք ունեցել ինքնություն և, որպես այդպիսին, մեր դավանածը եղել է կեղծ, կամ, եթե անգամ ունեցել ենք, չունենք դրան համարժեք կամք ու պատվախնդրություն՝ ինքնության դեմ ուղղված ներքին ու արտաքին պատերազմին դիմակայելու համար, ինչը գրեթե համարժեք է ինքնության բացակայությանը։
Տեխնոլոգիական հաշվա՞րկ է արդյոք, թե՞ դաժան պատահականություն, բայց օրինաչափ է, որ սպառողական հասարակության ու սպառվող պետության ղեկավարի ամենասիրելի մատերիան սնունդն է, ամենախանդավառ զբաղմունքը՝ ուտելը:
Հայաստանը պտտող ու պտույտին համընթաց սեղմվող անիվը կարող է կանգնել, եթե դրանում գտնվող հասարակությունը գոնե առժամանակ դադարի ուղղակի սպառումը հանուն սպառման ու պտույտից ավելի կարևոր համարի անիվի չափը։
Հոգևոր մերկությունը ենթադրում է կուշտ ստամոքս։ Դրանց միջև կապն ուղիղ չէ, բայց ավելի հաճախ կուշտ ստամոքսովները հոգևոր մերկացմանը ոչ միայն չեն դիմադրում, այլ կարող են տրվել ինքնակամ։ Հայաստանն ապրում է հոգևոր մերկապարի վերջին արարը։ Եվ դա կարծես հաճելի է ոչ միայն հանդիսատեսին։