Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ամեն ինչ արեց, որպեսզի բենզինը թանկանա. Ո՞ւմ համար էին ճանապարհ հարթում
Մայիսի 30-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն Ազգային ժողովում շատերի համար տարօրինակ հայտարարություն արեց՝ նշելով, թե իրենց կարծիքով՝ Հայաստանում բենզինի վաճառքի գներն ավելի ցածր են, քան պետք է լինեն։
«Մենք, իհարկե, գիտենք, որ բենզինի գինը բարձրացել է, բայց մենք այստեղ այլ խնդիր ենք տեսնում։ Մենք կարծում ենք, որ Հայաստանում առկա բենզինի վաճառքի գները, մեր պատկերացմամբ, ավելի ցածր են, քան պետք է լինեն։
Ավելին ասեմ, այս գինը տնտեսապես կասկածներ է հարուցում։ Բայց ոչ թե բարձր, այլ հակառակը՝ ցածր լինելու առումով»,- հայտարարեց Հանձնաժողովի նախագահը։
Հաշվի առնելով իրենց կասկածները՝ Հանձնաժողովն ուսումնասիրություն էր սկսել շուկայի 4 հիմնական մասնակիցների ներմուծման և վաճառքի գների համապատասխանության ստուգման նպատակով։
Անցել է ավելի քան 2 ամիս, բայց ուսումնասիրության արդյունքները դեռևս հայտնի չեն։
Գուցե և այլևս դրա կարիքը չլինի էլ, որովհետև Հանձնաժողովը հասավ իր ուզածին։
Այն ժամանակ, երբ Հանձնաժողովի նախագահը նման հայտարարություն էր անում, հավանաբար քչերն էին մտածում, թե դա ինչպիսի հետևանք է ունենալու բենզինի գների վրա։ Գ.Գևորգյանի այդ հայտարարությունից հետո բենզինի գները Հայաստանում շատ կտրուկ բարձրացան։ Չնայած հայտարարությունից առաջ արդեն հասցրել էին բարձրանալ։
Այսօր արդեն նույն ռեգուլյար բենզինը վաճառվում է հիմնականում 470-490 դրամով։
Մայիսի վերջերից մինչև հիմա բենզինը լիտրի մեջ թանկացել է առնվազն 100 դրամով կամ ավելի քան 27 տոկոսով։ Բայց դրան այդպես էլ որևէ պաշտոնյա, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, որը նախկինում ցանկացած թանկացում մեծ պատմություն էր դարձնում իշխանությունների գլխին, որևէ կերպ չեն արձագանքում։
Ընդ որում, դա տեղի է ունեցել այն պարագայում, երբ այս ընթացքում համաշխարհային շուկայում վառելիքի գների էական տատանումներ չեն եղել։
Միջազգային շուկայում թռիչքներ չեն եղել, իսկ Հայաստանում բենզինի գները 2-2,5 ամսվա ընթացքում 27 տոկոսով բարձրացել են, և սրա համար որևէ մեկը որևէ բացատրություն չի տալիս։ Առավել ևս, որ մի շարք այլ գործոններ կարծես նպաստավոր են եղել ոչ թե բենզինի թանկացման, այլ էժանացման համար։
Խոսքը, մասնավորապես, ռուբլու փոխարժեքի մասին է։
Ինչպես հայտնի է, Հայաստանը բենզինը ներկրում է հիմնականում Ռուսաստանից։ Ռուսական էներգակիրները դեռևս նախորդ տարվանից ձեռք են բերվում ռուբլով, ու ռուբլու էժանացումը պետք է նպաստեր ներքին շուկայում բենզինի գների նվազմանը։
Նշենք, որ անցած տարվա վերջին դոլարի գինը 60 ռուբլու շրջանակներում էր, հիմա հասել է 100-ի։
Այսինքն՝ ռուբլին 66 տոկոսով արժեզրկվել է։ Արժեզրկվել է՝ ոչ միայն դոլարի ու մյուս արժույթների, այլև՝ հատկապես դրամի նկատմամբ, քանի որ այդ ընթացքում դրամը շարունակել է արժևորվել նաև դոլարի նկատմամբ։
Եթե հաշվի առնենք, որ այդ ընթացքում կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունեցել Ռուսաստանից վառելիքի ձեռքբերման գներում, տրամաբանական է, որ Հայաստանում բենզինի գները պիտի նվազեին։ Բայց բարձրացել են։
Ակնհայտ է, որ դրանում լրջորեն շահագրգռված էր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Բենզինի գները սկսեցին ավելի արագ բարձրանալ Հանձնաժողովի նախագահի հայտարարությունից հետո։ Բայց եթե այն ժամանակ այդ հայտարարությունը կարող էր շատերին տարօրինակ թվալ, այսօր արդեն նպատակները հասկանալի են դառնում. բենզինի գներն ուզում էին բարձրացնել, որպեսզի ճանապարհ հարթեին շուկա՝ նոր ընկերության մուտքը սահուն ապահովելու համար։
Այդ ընկերության՝ հայաստանյան շուկա մտնելու մասին պետական որոշ պաշտոնյաներ վաղուց էին խոսում։ Հայտարարում էին, որ այն նոր որակ ու մշակույթ է բերելու շուկա, նպաստելու է մրցակցության խորացմանը։
Հայտնի է, որ շուկայում ընկերությունների թվի ավելացումը և մրցակցության խորացումը կարևոր գործոններից մեկն է գների նվազման համար։ Բայց այս պարագայում հակառակը տեղի ունեցավ, գները, այդքան փառաբանված ընկերության մուտքից հետո, ոչ միայն չնվազեցին, այլև բարձրացան։
Խոսքը ոչ անհայտ բրիտանական Shell ընկերության մասին է, որը շուկա մտավ այնպիսի գնային առաջարկով, որն առկա գներից 40-50 դրամով բարձր էր։
Նախկինում սովորաբար հակառակն էր լինում՝ շուկա մտնող նոր ընկերությունները փորձում էին ավելի նպաստավոր պայմաններ, ավելի ցածր գին առաջարկել։
Այս անգամ նոր ընկերությունը շուկա մտավ անհասկանալի գնային առաջարկով։ Ի՞նչ հույսով, այն ժամանակ պարզ չէր։ Հիմա արդեն կարծես պարզ է։ Հանձնաժողովն ամեն ինչ արեց, որ մյուս ընկերություններն իրենց գնային քաղաքականությունը համապատասխանեցնեն Shell ընկերության կողմից վաճառվող բենզինի գներին։ Այն, ինչ հիմա տեսնում ենք շուկայում։
Տպավորություն է, որ բենզինի գները համատարած բարձրացրեցին, որպեսզի գնային ավելի բարձր առաջարկով հանդես եկող ընկերությունը տեղավորվի շուկայում։
Ըստ ամենայնի, դա եղել է Հայաստանի իշխանություններին բրիտական ընկերության ներկայացրած պահանջներից մեկը։
Այսքանից հետո այդ ընկերության հետ ի՞նչ հույսեր պետք է կապել, շուկայում ի՞նչ նոր մշակույթի ու որակի ներմուծումից են խոսում։
«Սա միայն բենզալցակայան չէ, սա նոր մշակույթ է։ Shell-ն իր պրոդուկտների որակով և ծառայությունների մակարդակով կփոխի Հայաստանում բենզալցակայանների ոլորտում մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկը։ Մենք կտեսնենք որակական փոփոխություն ընդհանուր շուկայում»,- հունիսի 29-ին Հայաստանում Shell ընկերության առաջին բենզալցակայանի բացման արարողության ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարարը, ով, մի քանի տարի է, խոսում էր այս ընկերությանը Հայաստան բերելու մասին։
Թե ինչ նոր մշակույթ է բերել Shell-ը Հայաստան, դեռ չենք տեսնում։ Բայց, որ գալուց հետո սպառողները բախվեցին բենզինի հերթական թանկացումներին, փաստ է։
Այն, ինչ տեղի ունեցավ, միանշանակ ձեռնտու է շուկայի բոլոր մասնակիցներին, բացառությամբ՝ սպառողների։ Սպառողները տուժում են՝ վճարելով անհամեմատ ավելի բարձր գին, իսկ մյուսները, այդ թվում՝ պետությունը, շահում են։ Որքան բարձր է բենզինի գինը, այնքան ավելի շատ հարկ է գանձվում՝ սպառողի գրպանի հաշվին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ