Սեղանին են դրված մեր պետության հետագան պայմանավորող հարցեր. Գոռ Գևորգյան
Միջազգայնագետ, արևելագետ Գոռ Գևորգյանը Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուցակով։
2020 թվականին «Իմ քայլը» խմբակցությունը լքած Գևորգյանի փոխանցմամբ՝ որոշակի դադարից հետո այժմ քաղաքական գործընթացներին մասնակցելու որոշում կայացրեց, քանզի հենց մայաքաղաքում է որոշվելու հայկական պետության ռազմավարական ապագան։
«Երևանի ավագանու ընտրությունները հիմք են հանդիսանալու արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ մեկ կամ երկու տարի հետո»,- ասաց Գևորգյանը՝ շեշտելով, որ իր համար առաջնային է Արցախի խնդիրն ու անվտանգային միջավայրի վերականգնումը, ինչից ելնելով էլ հանդիսանում է մի կուսակցության ավագանու թեկնածու, որն իր կուսակցական մանիֆեստով պաշտպանում է Արցախի ինքնորոշման իրավունքը։
«Սեղանին դրված են շատ ավելի լուրջ հարցեր, որոնցով պայմանավորված են պետության հետագան և Արցախի շուրջ անելիքները»,- ասաց Գևորգյանը՝ ընդգծելով՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է՝ մաս կազմելու և փոխելու համար, հակառակ դեպքում կստացվի, որ ոչինչ չի անում հանուն Արցախի։
«Հակառակ դեպքում, մենք տեղից չենք շարժվի. ամենահեշտը ոչինչ չանելն է»,- ասաց Գևորգյանը՝ անընդունելի համարելով Արցախում ստեղծված իրավիճակին զուգընթաց ոչինչ չանելը՝ հատկապես, երբ Հայաստանի իշխանությունն Արցախի հարցում որդեգրել է 3-րդ դեմքի կարգավիճակ։
«Մինչդեռ, եթե Արցախը դառնա Ադրբեջանի համար գործոն, դրանից հետո գալու է Սյունիքի հերթը։ Դժվար է ասել, թե ինչպե՞ս է գալու, բայց գալու է։ Հայաստանի Հանրապետությունը խոցելի վիճակում է հիմա, իսկ դրա պատասխանատուն օրվա իշխանությունն է, որը պետք է ամեն ինչ անի՝ պատերազմի վերսկսում թույլ չտալու համար»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։