«Չգիտենք՝ երեխաներն ինչպես են սնվելու, բայց հայն այստեղ պիտի ապրի, դրա համար ենք պայքարում». Մաղավուզի գյուղապետ

250-րդ օրն է՝ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, արցախահայությունը  զրկված  է արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու բոլոր հնարավորություններից։ Աստիճանաբար հումանիտար և անվտանգային խնդիրներն Արցախում խորանում են, իսկ Ադրբեջանը որևէ կերպ չի կատարում Հաագայում գտնվող Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումները՝ ապարաշրջափակել Բերձորի ճանապարհը։

168.amի հետ զրույցում Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի ղեկավար Հրանտ Շիրինյանը խոսելով ադրբեջանական շրջափակման հետևանքների և դրանք հաղթահարելու դժվարությունների մասին, ասաց, որ եթե շրջափակման առաջին ամիսներին մի կերպ դիմադրում էին, ապա այժմ դժվարությունները շատ են, ու դիմադրելն էլ՝ դժվար։

«Հիմա որևէ բան չկա, խանութները դատարկ են, մենք չգիտենք՝ այս երեխաներն ինչպես են սնվելու։ Մի քանի օրից դպրոցները բացվելու են, որևէ բան չունենք, թեպետ չեմ պատկերացնում, թե այս պայմաններում երեխաներն ինչպես պիտի գնան դպրոց»,- նշեց Հրանտ Շիրինյանը։

Գյուղապետի խոսքով՝ տարին բարենպաստ չի եղել գյուղատնտեսության համար, գյուղի բերքն ու բարիքն ամբողջությամբ կարկտահարվել է։

Կարդացեք նաև

«Այս հարցում էլ մեր բախտը չի բերել, կարկուտը բերքը տարել է, մարդկանց բակերում եթե նախկինում միրգ կար, ապա այժմ որևէ բան չունեն։ Մի քիչ բանջարեղեն է մնացել, այլ բան բնակիչները չունեն»,- նշեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է գյուղում անհետաձգելի բուժման կարիք ունեցող հիվանդներին և հղի կանանց, գյուղապետն ասաց, որ այդ հարցերով զբաղվում է հիվանդանոցը։

«Խնդիրներ շատ-շատ են լինում, մահվան դեպք է լինում, չգիտենք՝ ինչ անենք, մի կերպ մի բան հայթայթում ենք ու հուղարկավորում։ Բարդ է, բարդ իրավիճակը ու գնալով ավելի է  բարդանում»,- հավելեց նա։

Իսկ իրավիճակի ի՞նչ լուծում է տեսնում՝ հարցին  Հրանտ Շիրինյանը պատասխանեց, որ այս պահին որևէ մեկը չի պատկերացնում, բայց փաստը մնում է  փաստ, որ Արցախը հայկական հող է։

«Հայն այստեղ պիտի ապրի, բոլորն էլ հենց դրա համար են պայքարում, սրան էլ կդիմանանք, այստեղ մեր տունն է, մեր պապերի տունն է, մեր հողն ու ջուրն է։ Փոքր երեխան որ սկսում է խոսել, նա էլ գիտի, որ սա իր հողն է»,- եզրափակեց Հրանտ Շիրինյանը։

Տեսանյութեր

Լրահոս