«Նույն սպասողական վիճակում ենք, որ գուցե հնարավոր լինի՝ բացեն ճանապարհը, ու բեռները հասցվեն Արցախ». Կոռնիձորի վարչական ղեկավար
20-օրից ավելի է, Հայաստանից Արցախին տրամադրված հումանիտար բեռը շարունակում է մնալ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի վարչական տարածքում, քանի որ Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի այն մտնի Արցախ։
Այս ամբողջ ընթացքում ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներն ու ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչները գնացել և տեղում ծանոթացել են իրավիճակին, հայտարարություն տարածել, սակայն որևէ փոփոխություն չկա։
168.am-ի հետ զրույցում Կոռնիձորի վարչական ղեկավար Արշակ Կարապետյանն ասաց, որ իրենց մոտ սպասողական վիճակ է, ամեն օր արթնանում ու սպասում են, թե երբ պետք է բեռը հասնի Արցախ։
«Նույն սպասողական վիճակում ենք բոլորս, որ գուցե հնարավոր լինի՝ բացեն ճանապարհը, ու այդ բեռները հասցվեն Արցախ։ Մենք ընդամենը դրան ենք սպասում, որ Արցախ հումանիտար օգնություն մտնի։
Ես չգիտեմ, իրատեսակա՞ն է սպասել, որ Ադրբեջանը թույլ կտա, որպեսզի բեռները մտնեն Արցախ, բայց ինքս մեծ ցանկություն ունեմ, որ վայրկյան շուտ բեռը հասնի Արցախ»,- նշեց Արշակ Կարապետյանը։
Նա նաև ասաց, որ բեռնատարների վարորդները Գորիս են գնում-գալիս, բայց հիմնականում բեռնատարների մոտ են սպասում, որ հանկարծ ճանապարհը բացվի, միանգամից բեռները տանեն։
Ինչ վերաբերում է գյուղում տիրող ընդհանուր վիճակին, Արշակ Կարապետյանն ասաց, որ գյուղում հունձի սեզոն է, բնակիչներն այդ աշխատանքներով են զբաղված։
Հիշեցնենք, որ արդեն 247-րդ օրն է՝ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, հունիսի 15-ից որևէ հումանիտար բեռ չի մտել Արցախ։ 120 հազար արցախահայություն մատնված է սովի, մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը մշտապես սադրում է՝ կրակելով դաշտերում աշխատող խաղաղ բնակիչների ուղղությամբ։