«Լավ, ենթադրենք՝ շատ կերանք, հետո որտե՞ղ ենք ապրելու, քիչ կուտենք, բայց հայրենիք կունենանք». Վերին Հոռաթաղի գյուղապետ

Այսօր 239-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, արցախահայությունը գտնվում է հումանիտար աղետի մեջ՝ չկա սնունդ, գազ, էլեկտրաէներգիա։ Երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք զրկված են ապրելու համար նախատեսված տարրական պայմաններից, այդ թվում՝ բուժօգնություն ստանալու հնարավորությունից։ Դիզվառելիքի բացակայության պատճառով հանրային տրանսպորտը չի աշխատում, կապը մայրաքաղաք Ստեփանակերտի ու գյուղերի միջև խաթարված է։

Օգոստոսի 5-ին Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղից բնակիչներն իրենց մշակած բերք ու բարիքից են հասցրել Ստեփանակերտ։

168.am հետ զրույցում Վերին Հոռաթաղի գյուղապետ Գրիշա Մարտիրոսյանն ասաց, որ բնակիչները դիմել են իրենց ու ասել, որ ցանկանում են իրենց բերք ու բարիքից բաժին հանել Ստեփանակերտի ծերանոցին ու մանկատանը, որպես գյուղապետ՝ ինքը ողջունել է այդ քայլը։

«Ասել եմ՝ շատ ճիշտ եք անում, ընդառաջել եմ, որ կարողանան հասցնել Ստեփանակերտ։ Մի քանի օր հետո նորից տանելու ենք, ինչպես ասում են՝ մի տանից չենք, մի հալի ենք, եթե մի բանջարեղեն մեզ մոտ ունենք, քաղաքում մեր եղբայրները չունեն, պիտի հասցնենք։ Լավ, ենթադրենք՝ շատ կերանք, հետո որտե՞ղ ենք ապրելու, քիչ կուտենք, բայց հայրենիք կունենանք»,- նշեց Գրիշա Մարտիրոսյանը։

Գյուղապետի խոսքով՝ այս տարի գյուղում բերքը, փառք Աստծո, առատ է, նույնիսկ, եթե շատ բերք էլ չլիներ, միևնույն է՝ քչից էլ բաժին կհանեին մարդկանց։

«Մարդ կարող է 20 կգ կարտոֆիլ տա, մյուսը՝ 2 կգ, ով շատ է մշակել, շատ է բաժին հանել, ով քիչ է մշակել, քիչ է տալիս։ Չունեցողին օգնելը բոլորիս պարտականությունն է, բոլորս էլ հայ ենք ու մի հողում ենք ապրում, վաղն էլ մեր գյուղում կարող է մի բան պակաս լինել, Ստեփանակերտից բերեն։ Մեկ ազգ ենք, մեկ ժողովուրդ ենք, սա այն թիվը չէ, կամ ժամանակը չէ, որ ասենք՝ ինքը քաղաքացի է, նա գյուղից է և այլն, բոլորս մեկ ենք։

Լոբի, կարտոֆիլ, կաբաչկա, վարունգ, ինչ մարդիկ մշակել են, ինչ գյուղում կա, բաժին ենք հանել, փառք Աստծո, շատ կա»,- եզրափակեց Վերին Հոռաթաղի գյուղապետը։

Տեսանյութեր

Լրահոս