Արայիկ Հարությունյանը հայտնել է, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել Լաչինի միջանցքի երթուղու փոփոխությունը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մանրամասներ է հայտնել, թե ինչպես է տեղի ունեցել Լաչինի միջանցքի երթուղու փոփոխությունը 2022 թվականի օգոստոսին։

Արցախի Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ առաջին փուլով քննարկվում էր, թե երթուղին որտեղով պետք է ընթանա։

«Ադրբեջանը ուներ իր առաջարկը, Ռուսաստանը ուներ իր առաջարկը, բայց վերջում ընդունվեց մեր առաջարկը։ Այս երթուղու նպատակը եղել է պահպանել Բերդաձորի ենթաշրջանի մեր գյուղերը։ Եթե ընդունեինք այլ ճանապարհ, մենք կկորցնեինք այդ գյուղերը։ Մենք բազմաթիվ այլ հիմնավորումներ ունենք, թե ինչու էր մեզ անհրաժեշտ հենց այս երթուղին։ Այսինքն, ընդունվեց Լեռնային Ղարաբաղի առաջարկը, և դա վերջում ընդունեցին և Հայաստանը, և Ռուսաստանը և Ադրբեջանը։ Երթուղու առումով բոլորի կողմից կար ըմբռնում, և բոլորը դա ընդունել են»,- ասել է Հարությունյանը։

Խոսելով Լաչինի միջանցքի երթուղին փոխելու ժամկետների մասին՝ Հարությունյանը նշեց, որ իր ձեռքի տակ է ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի նամակն այն մասին, որ 2022 թվականի օգոստոսի 5-ին ՌԴ խաղաղապահները ստիպված են լինելու թողնել նախկին ճանապարհը և տեղափոխել իրենց հենակետերը նոր երթուղի։ «Մեր խնդիրն այդ իրավիճակում եղել է փրկել Բերձորում և Աղավնոյում ապրող մեր հայրենակիցների կյանքը։ Դուք պատկերացրեք՝ օգոստոսի 5-ին խաղաղապահները տեղափոխում էին իրենց զորքը, և մեր հայրենակիցները մնում էին անպաշտպան։ Մենք ընդամենը բանակցել ենք, խնդրել ենք ևս 20 օր, որպեսզի այդ ընթացքում կամրջից այնկողմ գոնե ունենանք անցնող ճանապարհ ու շրջափակման մեջ չհայտնվենք։ Մնացած առումներով մենք որևէ այլ որոշում չենք կայացրել։ Խնդրել ենք 20 օրով հետաձգել, և մեր հայրենակիցների տեղահանումն ենք կազմակերպել»,- նշել է Հարությունյանը։

Արցախի նախագահը հիշեցրեց, որ Լաչինի միջանցքի երթուղու փոփոխությունը նախատեսված էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Նա կոչ արեց Արցախի ներկա շրջափակումը չկապել երթուղու փոփոխության հետ՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքով երթևեկությունն արգելափակել էր նաև հին երթուղում՝ կեղծ բնապահպանների ակցիայի միջոցով։ «Ադրբեջանի գործողությունները պայմանավորված չեն երթուղու փոփոխությամբ»,- հայտարարել է Հարությունյանը։

Նա խոսել է նաև Արցախի իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքների մասին, թե միջանցքի նոր երթուղով էլեկտրաէներգիայի մատակարարման նոր գիծ և գազամատակարարման նոր խողովակներ չեն կառուցել, ինչն Ադրբեջանին հնարավորություն է տվել արգելափակել Արցախի էլեկտրամատակարարումը և գազամատակարարումը։

Հարությունյանը վստահեցրեց, որ ցանկացած պարագայում Ադրբեջանը նույն հնարավորությունն էր ունենալու՝ Արցախի բնակչությանը գազամատակարարումից և էլեկտրաէներգիայի մատակարարումից զրկելու առումով։

Տեսանյութեր

Լրահոս