Վարկային ծրագրերը ձախողել են
Վարկային միջոցների տեսքով ամեն տարի կառավարությունը հարյուր-միլիոնավոր դոլարներ է ներգրավում պետական բյուջե։ Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման առաջնային աղբյուրը հենց վարկային միջոցներն են։ Այդ գումարներով պիտի իրականացվեն նպատակային տարբեր ծրագրեր, հիմնականում՝ ենթակառուցվածքների ոլորտում, բայց շատ հաճախ չեն կարողանում իրականացնել, ձախողում են։
Վարկային ծրագրերի կատարողականը շատ ցածր է։ Բայց սա ոչ առաջին, և ոչ էլ, հավանաբար, վերջին տարին է, արդեն տևական ժամանակ այդպես է։
Վարկային միջոցներով իրականացվող ծրագրերն անընդհատ ժամանակացույցից հետ են ընկնում, ստիպված ժամկետները տեղափոխում են, հետաձգում, ինչի պատճառով պետությունը հարկատուների հաշվին տարեկան հարյուր-հազարավոր դոլարների, եթե ոչ ավել, տուգանքներ է վճարում՝ չաշխատած վարկային միջոցների դիմաց։
Ինչ-որ մարդկանց թերացումների հետևանքով պետությունը ֆինանսական բավական մեծ կորուստներ է կրում, իսկ դրա համար ոչ մեկն այդպես էլ պատասխանատվություն չի կրում։ Հինգ տարի է, նախկինների կատարած չարաշահումներից են խոսում, իսկ որ իրենց անգործության հետևանքով պետությանն այսպիսի հսկայական վնասներ են պատճառում, ոչ մի պատասխանատվություն չկա։ Պատահական չէ, որ երևույթը սովորական է դարձել։
Ինչպես իշխանափոխությանը հաջորդած մի քանի տարիներին, այնպես էլ այս տարի վարկային ծրագրերի ու արտաքին այլ աղբյուրներից տրամադրված գումարների շրջանակներում իրականացվող աշխատանքների կատարողականը խայտառակ վատ վիճակում է։
Տարեսկզբի հինգ ամիսներին արտաքին աղբյուրներից բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման շրջանակներում իրականացվել է 16,6 մլրդ դրամի աշխատանք, ինչը կազմել է կիսամյակի համար նախատեսվածի ընդամենը 15,4 տոկոսը։
«2023 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում արտաքին աղբյուրներից փոխառու զուտ միջոցների հաշվին ՀՀ պետական բյուջեի պակասուրդը ֆինանսավորվել է արտաքին վարկատուների աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի շրջանակներում ստացված վարկային միջոցների հաշվին, որոնք կազմել են 16,6 մլրդ դրամ կամ առաջին կիսամյակի ծրագրված ցուցանիշի 15,4 տոկոսը»,- պետական բյուջեի առաջին հինգ ամիսների կատարողականի հաշվետության մեջ ահա թե ինչ է արձանագրել ֆինանսների նախարարությունը։
Առաջին կիսամյակի ճշգրտված պլանով նախատեսել են արտաքին աղբյուրներից ստանալ 47,8 մլրդ դրամի նպատակային միջոցներ։ Հինգ ամսում ստացել են 16,6 միլիարդը։
Ստանալը, իհարկե, հարաբերական է։ Դա կապված է ոչ թե ցանկությունների, այլ կատարված աշխատանքների հետ։ Եթե նախատեսված աշխատանքները պատշաճ կատարվում են ու ներկայացվում են կատարողականները, գումարների տրամադրումը խնդիր չէ։
Բայց, ինչպես տեսնում ենք, ունենք վարկային և արտաքին այլ միջոցներով նախատեսված ծրագրերի իրականացման խայտառակ ցածր ֆինանսավորում, ինչը նշանակում է, որ նախատեսված աշխատանքները չեն իրականացվել։
47,8 միլիարդի փոխարեն՝ հինգ ամսում իրականացվել է 16,6 միլիարդի աշխատանք։
Պարզ է, որ մնացած 31,2 միլիարդի աշխատանքները չեն կարող իրականացվել մեկ ամսում։ Ու ստացվելու է այնպես, որ առաջին կիսամյակում վարկային ծրագրերի կատարողականը նույնիսկ 50 տոկոսի չի հասնելու։
Անցած տարվա տարեկան կատարողականն էլ ընդամենը 41 տոկոս էր։
Բյուջեի ճշգրտված պլանով այս տարվա առաջին կիսամյակում ակնկալվող 48,7 մլրդ դրամից 40,8 միլիարդը միջազգային ֆինանսական կազմակերպությունների տրամադրած վարկային միջոցներով նախատեսված ծրագրեր են եղել։ Մնացած 7,9 միլիարդն օտարերկրյա պետությունների հատկացումներն են։
Միջազգային ֆինանսական կազմակերպությունների միջոցներով տարեսկզբի հինգ ամսում իրականացվել է 16,6 միլիարդի աշխատանք։ Կատարողականը կազմել է 40,6 տոկոս։
Մի շարք նպատակային ծրագրերով նախատեսված է եղել առաջին կիսամյակում իրականացնել միլիարդավոր դրամի աշխատանքներ, բայց հինգ ամսում կատարողականը զրո է, բացարձակ ոչ մի աշխատանք չի արվել։
Ճշգրտված պլանով Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) տարածաշրջանային հիմնադրամից նախատեսված է եղել ստանալ 2 մլրդ դրամ, հինգ ամսում ստացվել է զրո դրամ։
Նույնը նաև Եվրոպական ներդրումային բանկի պարագայում է՝ 1,1 միլիարդ պիտի ստանային, ոչինչ չեն ստացել։
Կատարողականը շատ ցածր է նաև Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող նպատակային ծրագրերի պարագայում։ Հինգ ամսում կարողացել են կատարել առաջին կիսամյակի ճշգրտված պլանի ընդամենը 24,8 տոկոսը։
Համաշխարհային բանկից պլանավորել են տարեսկզբի առաջին վեց ամսում ստանալ 13,4 մլրդ դրամ, հինգ ամսում հասցրել են ստանալ ընդամենը 3,3 միլիարդը։
Ասիական զարգացման բանկի ծրագրերի հինգ ամսվա կատարողականը կազմել է առաջին կիսամյակի համար նախատեսվածի 33,7 տոկոսը։
Այս դեպքում էլ պլանավորել են ստանալ 14,4 մլրդ դրամ, ստացել են 4,9 միլիարդը. ինչքան կատարողական ներկայացրել են, այնքան էլ ստացել են։
Համեմատաբար բարձր է եղել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներով իրականացվող ծրագրերի կատարողականը, հինգ ամսում՝ առաջին կիսամյակի ծրագրի 81,2 տոկոսը։
Միակ ծրագիրը, որը ժամկետից շուտ կատարվել ու նույնիսկ գերակատարվել է, կապված է Եվրասիական զարգացման բանկի հետ։ Ծրագրի կատարողականը կազմել է 100,5 տոկոս։ Խոսքը 2,2 մլրդ դրամի մասին է։
Եթե միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային միջոցներով նախատեսված որոշ ծրագրեր, թեկուզ մասնակի, ինչ-որ չափով կատարվել են, ապա օտարերկրյա պետությունների հատկացումներով կիսամյակի կատարողականը հինգ ամսում զրոյական է։
Նախատեսված է եղել իրականացնել 7,9 մլրդ դրամի ծրագրեր՝ 6,5 միլիարդը՝ Գերմանիայի (Վերականգնման վարկերի բանկ), և 1,4 միլիարդը՝ Ֆրանսիայի տրամադրած միջոցների հաշվին։ Բացարձակ ոչինչ չի արվել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ