Երևանի քաղաքապետի պաշտոնակատարն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են համագործակցության ծրագրերը
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով Երևանի և գերմանական քաղաքների միջև գործակցության հաստատմանն ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակումը:
Խոսելով Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից Երևանում իրականացվող Էներգաարդյունավետության ու ավտոբուսային բարեփոխման ծրագրերից՝ Լևոն Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը, որն այս դրամաշնորհի դոնոր երկրներից է: Քաղաքապետի պաշտոնակատարը նշել է, որ պետություն-համայնք-միջազգային գործընկերներ գործակցությամբ Երևանը փուլ առ փուլ իրականություն է դարձնում տրանսպորտային համակարգի բարեփոխումները:
Դեսպան Վիկտոր Ռիխտերը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցել և օժանդակել երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանը, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացմանը:
Լևոն Հովհաննիսյանն ու Վիկտոր Ռիխտերը մտքեր են փոխանակել նաև հանրակրթության ոլորտում մասնագետների ու աշակերտների փոխանակման ծրագրերի շուրջ: