Բաժիններ՝

Վրացի զինծառայողները կամուրջ են հավաքել սողանքի գոտում աշխատելու համար

Վրացի զինծառայողները փրկարարների հետ համատեղ ժամանակավոր կամուրջ են հավաքել, որն ավելի ուշ կտեղափոխեն գետի վրա՝ Ռաչա բարձրլեռնային երկրամասի Շովի հանգստավայրում սողանքի գոտում որոնողափրկարարական աշխատանքներն արագացնելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն:

«Գիշերը ժամանակավոր կամուրջ է հավաքվել, որն ավելի ուշ կտեղադրվի: Մինչ այդ ռազմական ստորաբաժանումներն ու փրկարարները տեղափոխվել էին մյուս ափ: Տարերքի գոտում ամբողջական մոբիլիզացիա է, և ընթանում են փրկարարական աշխատանքներ»,-ասել է նախարարը:

Միաժամանակ Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը քաղաքացիներին կոչ է անում անօդաչու թռչող սարքեր չօգտագործել, քանի որ դրանք խանգարում են ուղղաթիռների թռիչքներին: Փրկարարները շարունակում են 25 մարդու որոնողական աշխատանքները: Գիշերվա ընթացքում տարերային աղետի գոտում, բացի Կարսելաձեից, աշխատել են պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին և տեղական իշխանությունների ներկայացուցիչները:

Շովիում մասշտաբային սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին: Արդյունքում վնասվել են կամուրջներն ու ճանապարհները, ինչպես նաև զբոսաշրջային քոթեջները և Sunset Shovi հյուրանոցը: Փրկարարական գործողությանը մասնակցում է 400 հրշեջ-փրկարար, ներգրավվել է չորս ուղղաթիռ։ Մինչ այժմ հաջողվել է տարհանել 210 մարդու, զոհերի թիվն այս պահին 11 է: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օգոստոսի 7-ը Վրաստանում սգո օր է հայտարարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս