ԱՄՆ-ն մասամբ դադարեցրել է Նիգերին տրամադրվող օգնությունը
ԱՄՆ կառավարությունը դադարեցնում է Նիգերի կառավարությանը ցուցաբերվող օգնության որոշ ծրագրեր։
Ինչպես հայտնում է CNN-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Բլինքենի խոսքով՝ այս ժամանակավոր միջոցը չի վերաբերում Նիգերում ԱՄՆ արտաքին օգնության բոլոր ծրագրերին։
«Ամենագլխավորն այն է, որ կենսականորեն կարևոր հումանիտար և պարենային օգնության տրամադրումը կշարունակվի։ Բացի այդ, մենք շարունակում ենք ԱՄՆ կառավարության գործունեությունը Նիգերի այն վայրերում, որտեղ դա նպատակահարմար է, ներառյալ դիվանագիտական գործողությունները և անվտանգության ապահովման գործողությունները՝ ամերիկյան անձնակազմի պաշտպանության համար։ Ինչպես մենք պարզ հասկացրել ենք, այդ իրավիճակի ամենասկզբից, ամերիկյան օգնության տրամադրումը Նիգերի կառավարությանը կախված է դեմոկրատական կառավարումից և սահմանադրական կարգին հետևելուց։ Դա համապատասխանում է այն քայլերին, որոնք նախաձեռնել են Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերակցությունը և Աֆրիկյան միությունը։ ԱՄՆ կառավարությունը կշարունակի վերանայել իր արտաքին օգնությունը և համագործակցությունը՝ ելնելով տեղերում իրավիճակի զարգացումից։ Մենք նախկինի պես պատրաստ ենք աջակցել Նիգերի ժողովրդին, որպեսզի օգնենք պահպանել այդքան դժվար ձեռք բերած դեմոկրատիան, և նորից կոչ ենք անում անհապաղ վերականգնել Նիգերի՝ դեմոկրատական ճանապարհով ընտրված կառավարությունը»,- նշվել է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունում։
Հուլիսի 26-ին Նիգերի նախագահական գվարդիայի ծառայողների մի մասը տապալել են նախագահ Մոհամադ Բազումիի իշխանությունը։ Նիգերի բանակի հրամանատարությունն աջակցել է նախագահին տապալած զինվորականներին։ Երկրի նոր ղեկավար Է հայտարարվել բանակի գեներալ Աբդուրահման Թչիանին:
ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ԵՄ-ն, Աֆրիկյան միությունը, ECOWAS-ը դատապարտել են ռազմական հեղաշրջումը: Իշխանությունը տապալած զինվորականներին աջակցել են Մալին և Բուրկինա Ֆասոն, որոնք զգուշացրել են, որ Նիգերի իրավիճակին ցանկացած օտարերկրյա ռազմական միջամտություն կընդունեն որպես պատերազմի հայտարարում: