Փաշինյանին հանցագործ համարող դատավորն այժմ այս իշխանությանն է ծառայում. որքան ունեցվածք է նա կուտակել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը 2022 թվականի հայտարարատու տարում հայտարարագրել է ամուսնու հետ համատեղ սեփականությամբ մեկ բնակարան Երեւանի Արաբկիր վարչական շրջանում։ Նա 2022 թվականին Արաբկիր վարչական շրջանում հողամաս է նվիրատվություն ստացել։ Ում կողմից է նվեր ստացել՝ չի նշել դատավորը: Նշենք, որ Թադեւոսյանի բանկային ավանդները տարեսկզբին կազմել են 12 մլն, որոնք տարեվերջին զրոյացել են։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 7 մլն 742 հազար դրամ, 1 հազար 337 դոլար եւ 411 եվրո։
Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 44 մլն 360 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտներ 54 մլն 036 հազար դրամ, որից 18 մլն 085 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ աշխատակազմի դատական դեպարտամենտից։ Նա դասախոսում է Սլավոնական եւ Երեւանի պետական համալսարաններում՝ 704 հազար դրամ ստանալով: Թադեւոսյանը նման գումարների հետ միասին հիփոթեքով բնակարան եւ ավտոտնակ է հայտարարագրել՝ 34 մլն 891 հազար դրամ ընդհանուր արժեքով։ 2 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող միանվագ ծախսել է 23 մլն 500 դրամ։
Թադեւոսյանի ամուսինը՝ Վահագն Գրիգորյանը, ըստ կնոջ հայտարարագրի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետն է։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1մլն 200 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 28 մլն, իսկ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 2 մլն 283 հազար դրամ։ Հիշեցնենք նաեւ, որ Լիլիթ Թադեւոսյանը «Մարտի 1»-ի գործը քննող դատավորներից մեկն է։ Նիկոլ Փաշինյանին եւ մյուսներին 2008-ին համարում էր հանցագործ, ոչ թե քաղբանտարկյալ, իսկ հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությանն է ծառայում»: