Երիտասարդը բժշկի խիստ զգուշացումից հետո նիհարել է 90 կիլոգրամով
Հնդկաստանի բնակիչը մեկուկես տարվա ընթացքում նիհարել է 90 կիլոգրամով այն բանից հետո, երբ հայտնվել է հիվանդանոցում՝ ավելորդ քաշի հետ կապված խնդիրների պատճառով։ Նրա պատմությունը հրապարակում է The Times of India-ն։
23-ամյա Աման Խանը, ով աշխատում էր հյուրանոցում, պատմել է, որ մի անգամ աշխատանքի ժամանակ ծանր նոպա է ունեցել: Նա սկսել է խեղդվել, կորցրել է գիտակցությունը և արթնացել միայն հիվանդասենյակում։
«Այդ պահին բժիշկը թվարկում էր իմ առողջական խնդիրները՝ 2-րդ տիպի շաքարախտ, արյան բարձր ճնշում և բարձր խոլեստերին: Դա սարսափելի առերեսում էր իրականության հետ»,- ըստ shantnews-ի՝ իր հիշողություններով է կիսվել հնդիկը, որն այն ժամանակ կշռում էր 162 կիլոգրամ։
Բժիշկն ասել է, որ Խանը պետք է շտապ փոխի իր ապրելակերպը, հակառակ դեպքում նրան «ապրելու շատ ժամանակ չի մնա»։ Նախազգուշացումից հետո երիտասարդը որոշել է հոգ տանել իր առողջության մասին։ Նա խոստովանել է, որ մեղքի զգացումից ելնելով սկսել է իր վրա աշխատել։
Առաջին հերթին Խանը փոխել է սննդակարգը։ Բացի այդ, Խանը նվազեցրել է ալկոհոլի օգտագործումը։
Խանը սկսել է կանոնավոր մարզվել։
«Ես համատեղում եմ կարդիո և ուժային մարզումները, նաև յոգան: Ես մարզվում եմ շաբաթը վեց օր՝ օրը մեկ ժամ»,- պատմել է նա։
Արդյունքում նրան հաջողվել է մեկուկես տարվա ընթացքում 162 կիլոգրամից հասնել 72 կիլոգրամի։
«Իմ անցած ճանապարհը ցույց տվեց ինձ, որ իրական նպատակը ոչ միայն կիլոգրամներից ազատվելն է, այլև առողջություն, ինքնավստահություն և կյանքում նոր ազդակ ձեռք բերելը»,- ասել է հնդիկը։