Եթովպիայի հյուսիսում մարտեր են ընթանում դաշնային անվտանգության ուժերի և աշխարհազորայինների միջև
Եթովպիայի հյուսիսում՝ Ամհարայի նահանգում, շարունակվում են բախումները դաշնային անվտանգության ուժերի և «Ֆանո» տարածաշրջանային աշխարհազորայինների միջև: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Մարտերն սկսվել են հուլիսի 30-ին Կոբո քաղաքում, այնուհետև հաղորդվել է օգոստոսի 2-ին Դեբրե Տաբոր քաղաքում բախումների, իսկ օգոստոսի 3-ին՝ Գոնդարում «ծանր մարտերի» մասին։ Ականատեսները պնդում են, որ «Ֆանո»-ի աշխարհազորայինները շրջափակում են ճանապարհները և դարանակալում զինվորականներին։
Օգոստոսի 1-ին «Ֆանո»-ի ուժերը և դաշնային ոստիկանությունը մարտի մեջ են մտել Լալիբելա քաղաքի օդանավակայանում, որը կարևոր տրանսպորտային հանգույց է և ժողովրդականություն վայելող տուրիստական ուղղություն: Օդանավակայանը դադարեցրել է չվերթների ընդունումը:
Մեծ Բրիտանիան օգոստոսի 2-ին նախազգուշացրել է համաքաղաքացիներին, որ օդանավակայանը «վերցված է զինյալների կողմից», և որ անվտանգ չէ A2 մայրուղուց օգտվելը, որն Ամհարան կապում է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայի հետ։
Օգոստոսի 2-ին Եթովպիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դեմեկե Մեկոնենն ընդունել է, որ անհանգստության հիմքեր կան և երկխոսության ու տարաձայնությունների խաղաղ կարգավորման կոչ է արել։
Ամհարայում իրավիճակն անկայուն է ապրիլից, երբ դաշնային իշխանությունները զինաթափեցին նահանգի տարածաշրջանային ուժերը: Սակայն «Ֆանո»-ի ջոկատները ցրելու փորձերը անհաջող էին, և շատ տեղացիներ կառավարությանը մեղադրել են այս տարածաշրջանի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու փորձերի մեջ: