Առաքիչների նկատմամբ ավազակություն և կողոպուտ կատարելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու պատանիների նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեն պարզել է Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ կատարված ավազակության, ավազակության փորձի և կողոպուտի դեպքերի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:
«Հուլիսի 30-ին ժամը 11:45-ին Երևան քաղաքում որպես առաքիչ աշխատող Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ հուլիսի 24-ին ժամը 22:18-ին հավելվածով առաքման պատվեր է ստացել, սակայն պատվիրատուն և վերջինիս հետ նույն վայրում գտնվող մեկ այլ երիտասարդ իրենց մոտ գտնվող դանակներով սպառնացել են իրեն և, պատվիրված սնունդը վերցնելով, հրաժարվել են վճարել:
Նույն ժամանակահատվածում իրավապահներին է դիմել Հնդկաստանի Հանրապետության մեկ այլ քաղաքացի, ով նույնպես մատուցում է առաքման ծառայություններ, և պատմել, որ 2023 թ․ հուլիսի 26-ին առաքման պատվեր է կատարել Երևան քաղաքի Մինսկի փողոցի 1-ին շենքի մոտակայքում, որտեղ իրեն դիմավորել են 4-5 երիտասարդներ։ Վերջիններս հայտնել են, թե իբր գումարն օնլայն են փոխանցել և հրավիրել ինչ-որ մութ շինություն։ Սակայն ինքը, նախապես տեղյակ լինելով, որ այդ տարածքում իր ընկերոջից դանակի սպառնալիքով պահանջել և ստացել են առաքումը, հրաժարվել է կատարել նրանց պահանջը, ինչից հետո վերջիններս փակել են իր մոպեդի ճանապարհը, իսկ երիտասարդներից երկուսը քաշել են իր պայուսակից, որպեսզի հափշտակեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Երկու առաքիչները ճանաչվել են տուժող և ցուցմունք տվել դեպքերի հանգամանքների շուրջ:
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են վերոհիշյալ երիտասարդների ինքնությունը, ինչպես նաև՝ վարույթի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Պարզվել է, որ առաքիչների նկատմամբ նման գործողություններ կատարած անձինք Երևան քաղաքի բնակիչներ են, որոնցից երկուսը՝ 16, երկուսը՝ 14, մեկը՝ 17 տարեկան:
Նախնական տվյալներով՝ հուլիս ամսվա ընթացքում՝ տարբեր օրերի, պատանիները առաքիչների նկատմամբ դանակի սպառնալիքով պահանջել և առանց վճարելու ստացել են օնլայն հավելվածի միջոցով պատվիրված տարբեր արժողության ապրանքներ, իսկ առանձին դեպքերում իրենց հանցավոր մտադրությունն ավարտին չեն հասցրել, քանի որ միջամտել են դեպքին ականատես բնակիչներ կամ առաքիչը ցուցաբերել է զգոնություն:
Պատանիները ձերբակալվել են:
Որոշումներ են կայացվել երիտասարդներից երկուսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ 16-ամյա երիտասարդներին մեղադրանքներ են ներկայացվել: Որպես խափանման միջոց է կիրառվել ծնողի դաստիարակչական հսկողության հանձնելը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: