Հարգանքի տուրք՝ եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին
Իրաքի եզդիների անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի մոտ օգոստոսի 3-ին քրդական համայնքի ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին՝ 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետության» կողմից Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ նահանգում իրականացված ցեղասպանության շուրջ 12 հազար անմեղ զոհերի հիշատակին:
Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Կնյազ Հասանովն ընդգծեց, որ եթե 1915 թվականին Թուրքիայի կողմից իրականացրած մեկ ու կես միլիոն հայերի ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվեր, ապա այսօր չէր լինի եզդիների ցեղասպանությունը:
«Ցավոք, մենք այսօր տեսնում ենք, որ այս երևույթները գնալով ոչ թե քչանում են, այլ՝ հակառակը: 2014 թվականի օգոստոսի 3-ից սկսած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հարձակում գործեց եզդիաբնակ Շանգալ տարածաշրջանի վրա՝ ցեղասպանության ենթարկելով տեղի եզդիներին: Այո´, նրանք զոհվեցին, որովհետև ազգությամբ եզդի էին, ու այն մինչև օրս դեռ շարունակվում է: 2014 թվականին սպանվեցին հազարավոր տղամարդիկ, իսկ հազարավոր կանաց ու աղջիկների առևանգեցին ու շուկաներում վաճառեցին: Սա ցույց է տալիս, որ այսօր՝ 21-րդ դարում, դեռևս պահպանվել են ստրկատիրական հասարակարգեր, որտեղ մարդկանց վաճառում են և այս երևույթն ամբողջ աշխարհի և միջազգային հանրության խնդիրն է, նրանք պետք է նման երևույթների վրա ուշադրություն դարձնեն և կանխեն նման դեպքերի հետագա կրկնությունը: Մենք դատապարտում ենք Շանգալի եզդիների ցեղասպանությունը, որտեղ հազարավոր անմեղ մարդկանց արյուն է թափվել գերտերությունների շահերի բախման արդյունքում»,-նշեց պատգամավորը:
Կնյազ Հասանովն ընդգծեց, որ ցավոք, նույն անտարբերությունը կրկնվում է նաև Արցախում. միջազգային հանրությունը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը, բայց ոչ մի քայլ չի ձեռնարկում, ինչի արդյունքում 120 հազար անմեղ բնակչությունը հումանիտար աղետի առաջ է կանգնել:
«Այս երևույթներն են, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի և բռնի այն պետությունների, մարդկանց ձեռքը, ովքեր ցանկանում են ցեղասպանություն գործել»,-եզրափակեց նա:
Եզդիների ցեղասպանությունը տեղի է ունեցել 2014 թ. օգոստոսին, եզդիների պատմական բնօրրանում՝ Իրաքի Սինջար քաղաքում: Եզդիների զանգվածային կոտորածները կազմակերպել են «Իրաքի և Լևանտեի իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորման զինյալները՝ 2014 թ. ամռանը Իրաքի հյուսիսային շրջանները գրավելուց և այդ տարածքում «Իսլամական խալիֆայություն» հռչակելուց հետո: Իսլամիստ ահաբեկիչները կոտորեցին հազարավոր եզդիների, իսկ երիտասարդ աղջիկներից շատերին ենթարկեցին սեռական ստրկության: Ցեղասպանության հետևանքով Իրաքի հյուսիսային շրջաններից տեղահանվել է մոտ 200 հազար եզդի: Այդ դեպքերից հետո՝ ամեն տարվա օգոստոսի 3-ին, ողջ աշխարհի եզդիները հարգանքի տուրք են մատուցում Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների կողմից գազանաբար սպանված հազարավոր եզդիների հիշատակին:
2018 թ. հունվարին Հայաստանի խորհրդարանը ճանաչել է եզդիների ցեղասպանությունը: