Ստորագրի՞ հաջորդ կապիտուլյացիան, թե՞ ոչ. Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը գրում է. «Ստորագրի՞ հաջորդ կապիտուլյացիան, թե՞ ոչ:
Կեղծ խաղաղությամբ քողարկված այս դավադրությունը վաղուց ծառացել է Նիկոլի տխրահռչակ կառավարության առջև: Տարածաշրջանային խայծը կուլ տված կապիտուլյանտը, շարունակում է անհույս թփրտալ` օրեցօր ավելի ծանր ու մշուշոտ դարձնելով հայ ժողովրդի ապագան: Լիահույս չեմ, որ կառավարիչների խմբակում բոլորն են հասկանում պահի լրջությունն ու պետականության կորստի իրական վտանգը: Սակայն չհասկանալը, նրանց չի ազատելու անձնական պատասխանատվությունից:
Աշխարհակարգի փոփոխությանը զուգահեռ չեն գործում միջազգային նորմերն և իրավունքները: Որևէ միջազգային կառույցի պահանջ, որոշում կամ կոչ` արժեզրկված են ու անօգուտ: Աշխարհը շարժվում է ռեալ պոլիտիկի չոր կանոններով: Իսկ ի՞նչ ունի Նիկոլն այս անկանոն ու քաոտիկ խաղին հակադրելու և իր սահմանադրական պարտականությունները կատարելու համար:
Մեծ հաշվով` ոչինչ չունի:
Ընդհակառակը` խոցելի անվտանգության, ուժերի խախտված հավասարակշռության, փոխադարձ անվստահելի արտաքին հարաբերությունների, ձախողված պետական կառավարման հետ մեկտեղ Նիկոլը ունի նաև ներքին անվստահության պայթյունավտանգ բեռ: Հասարակության մեծ մասը չի վստահում ոչ Նիկոլի ստորացուցիր խաղաղության օրակարգին, ոչ էլ ուժային կամ միջազգային մեխանիզմով հարց լուծելու նրա կարողությանը: Նիկոլը կրկին կանգնել է «ի՞նչ անի խեղճ հարիֆը» խորագրով տաշտակի առջև:
Եվ իրոք, ի՞նչ կարող է անել խեղճ հարիֆը այս վիճակում, երբ շատ լավ հասկանում է, որ ժամանակն աշխատում է ի վնաս Հայաստանի (և իր իշխանության): Ստորագրի թուրքական կործանարար պսհանջների տակ, թե՞ հանուն իր աղետաբեր իշխանության պահպանման` ժամանակ ձգի ու պատրաստվի հաջորդ պատերազմին:
Ռուսաստանը և Իրանը չեն վստահում Նիկոլին և սա առավել տեսանելի է դառնում: Արևմուտքը (ԵՄ (բացառությամբ` Ֆրանսիա), ԱՄՆ, ՄԹ, Թուրքիա, Իսրայել)` ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելու, ռուսական գազն ադրբեջանականով փոխարինելու, ինչպես նաև Իրանի դեմ հնարավոր ագրեսիայի նոր պլացդարմ ստեղծելու նպատակով, պահանջում է հրաժարվել Արցախից և ստորագրել թուրքերի պահանջների տակ: Դա է Նիկոլի` օդում կախված իշխանության այսօրվա գինը: Հանուն իր կաշին փրկելու, Նիկոլը կգնա՞ երկիրը վերջնականապես կործանելու ճանապարհով, թե՞ ոչ` դեռ պարզ չէ:
Պարզ չէ, որովհետև թուղթ ստորագրելը մի բան է, իսկ դրա կյանքի կոչելը` այլ: Հայ ժողովրդի մեծ մասը գուցեև միամիտ է, հեշտ խաբվում է, բայց հաստատ սրբապիղծ ու հայրենադավ չէ: Նրա գլխի տակ կեղծ խոստումներ ու խաղաղության մասին դատարկ հեքիաթներ այլևս չես կարող դնել: ՍԴ եզրակացության և ԱԺ վավերացման գործընթացներին զուգահեռ Երևանի փողոցները լցվելու են հազարավոր ցուցարարներով: Ազգային արժանապատվություն ունեցող քաղաքացիներն ամեն բան անելու են, որպեսզի թույլ չտան Արցախի ու Հայաստանի վերջնական կործանումը:
Իմ կարծիքով, այս ամենը գիտակցելով` Նիկոլը սպասում է Երևանի ընտրություններին: Նա մի կողմ է թողել պաշարված Արցախի սովն ու վտանգները, և զբաղվում է Երևանի ավագանու ընտրարություններով: Նա պատրաստվում է այդ ընտրություններում ևս կեղծիքով, շանտաժող ու ճնշումներով «հաղթանակ» կորզել (տես 2021թ ԱԺ արտահերթ ընտրություններ): Իմաստը կայանում է նրանում, որ Երևանի ավագանին վերցնելուց հետո` Արևմուտքի երաշխավորությամբ գնա ԱԺ նոր արտահերթ ընտրությունների (վերարտադրման նպատակով):
Ենթադրում եմ, որ Նիկոլը փորձելու է Արցախն Ադրբեջանին տալու, և թուրքերին Հայաստան բերելու գնով` «խաղաղության պայմանագիր» ստորագրելու վստահության քվե ստանալ ժողովրդից: Հնարավոր արտահերթ ընտրությունը Նիկոլը կվերածի Արցախը հանձնելու համար մանդատ ստանալու քաղաքական գործընթացի: Դա իր ոճի մեջ է: Հետո անխռով կհայտարարի, որ ինքը չի կործանել պետությունը, այլ Հայաստանի հպարտ քաղաքացիները:
Ուղիղ դեպի կործանման տանող զարգացումները բացառելու ամենակարճ ճանապարհն իշխանափոխությունն է, որն անխուսափելի է դառնում: Խնդիրը ժամանակի մեջ է: Կկարողանա՞ արդյոք ընդդիմությունն ու արժանապատիվ հասարակությունը ոտքի հանել իր ցավին ու դավին անտարբեր զանգվածներին: Սա կենսական խնդիր է, պետության ու ժողովրդի գոյության խնդիր` առանց չափազանցման:
Իշխանափոխության տված առաջին օգուտն այն է, որ ազատելու է Հայաստանի ձեռքերը նոր կապիտուլյացիաների պարտավորություններից: Բացի դա` կան իրավիճակը փրկելու փոքր բայց ռեալ հնարավորություններ, որոնք այսօր և մոտ ապագայում դրական զարգացումների մեկնարկ կարող են լինել: Իշխանափոխությունը նաև շանս է տալիս առանց պարտվողական հոգեբանության` կայուն և իրական խաղաղության հասնելու համար»: