Անհրաժեշտ է օրենքով ամրագրել, որ ՀՀ քաղաքացիություն ստացած պահեստազորայինները կարող են վարժական հավաքի կանչվել քաղաքացիություն ստանալու հետո` մեկ տարուց ոչ շուտ. Մարտիկ Մարտիրոսյան

Փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը գրում է. «Անհրաժեշտ է օրենքով ամրագրել, որ ՀՀ քաղաքացիություն ստացած պահեստազորայինները կարող են վարժական հավաքի կանչվել քաղաքացիություն ստանալու հետո` մեկ տարուց ոչ շուտ:

Խնդիրը կայանում է նրանում, որ երբ օտարերկրյա քաղաքացիները՝ հիմնականում ազգությամբ հայերը, քաղաքացիություն ստանալու համար դիմում են մասնագիտական խորհրդատվության, նրանց (բնականաբար արաք սեռի անձանց) պարտադիր կերպով պարզաբանում ենք, որ ՀՀ օրենսդրությամբ նրանք ենթակա են կանչվելու վարժական հավաքների, ինչպես նաև նշում ենք, որ վարժական հավաքներից խուսափելն առաջացնում է քրեական պատասխանատվություն: Որի արդյունքում շատերը հրաժարվում են ՀՀ քաղաքացիություն ստանալուց:

Ավելին, եղել են դեպքեր, որ քաղաքացիություն ստացած անձը, ՀՀ զինված ուժերի պահեստազորում հաշվառվելուց անմիջապես հետո, ստացել է ծանուցագիր վարժական հավաքներին կանչվելու մասին:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ ՀՀ զինված ուժերի պահեստազորում հաշվառվում են 27 տարեկանը լրացած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ անձնագիր ստանալու համար պահեստազորում հաշվառված քաղաքացին ներկայացնում է զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք: Եվ պարկտիկայում արական սեռի քաղաքացիներին առանց զինվորական գրքույկի կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանքի անձնագիր չի տրամադրվում:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև վարժական հավաքների անցկացման կարգը սահմանող այլ իրավական ակտերով որևէ արգելք առկա չէ քաղաքացիություն ստանալուց անմիջապես հետո անձին վարժական հավաքներին կանչելու համար:

ՀՀ քաղաքացիություն ստացած անձը կարող է շատ կարճ ժամանակ ապրած լինել Հայաստանի Հանրապետությունում, ինտեգրված չլնել տեղի միջավայրին, ոչ բավարար մակարդակի խոսել և հասկանալ հայերեն, սակայն կանչվել վարժական հավաքների:

Կարծում եմ անհրաժեշտ է օրենքով ամրագրել, որ ՀՀ քաղաքացիություն ստացած պահեստազորայինները կարող են վարժական հավաքի կանչվել քաղաքացիություն ստանալու հետո` մեկ տարուց ոչ շուտ:

Երկարաժամկետ կտրվածով դա առավել օգտակար լինի և՛ Հայաստանի Հանրապետությանը, և՛ քաղաքացիություն ստացած անձանց»:

Տեսանյութեր

Լրահոս