Նիկոլի նպատակն է՝ սեփական կաշին փրկել, պետությունը տապալել, արցախցիների միջոցով Արցախը վերացնել. Տիգրան Աբրահամյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է:
Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.
- Իրավիճակը բավականին ծանր է բոլոր առումներով, Արցախը կանգնած է. տնտեսությունը, մարդկանց տեղաշարժվելու հնարավորությունը՝ վառելիքի պակասի պատճառով:
- Առաջին անհրաժեշտության սննդամթերք ընդհանրապես չկա՝ շաքարավազ, աղ, դեղորայք, մանկական սնունդ… Մարդիկ սովի են մատնված, ըստ էության կտտանքների են ենթարկվում:
- Արցախի իշխանությունը իրավիճակի ճշգրիտ գնահատականն այդպես էլ չի տալիս: Իսկ մինչև հստակ չհասկանան, թե ինչի հետևանքով ենք հասել այս կետին, որևէ հարց լուծելու հնարավորություն չի լինի:
- Հակարի գետի վրա ադրբեջանական անցակետում տեղի ունեցած դեպքը, երբ առևանգվեց Կարմիր խաչի ուղեկցությամբ վիրահատության նպատակով Երևան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանը, երեկ էլ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում հայտնված արցախցի 61-ամյա տղամարդու՝ Ռաշիդ Բեգլերյանի ձերբակալության փաստը: Այս բոլոր դեպքերը պետք է անհանգստացնի Հայաստանում, Արցախում և սփյուռքում ապրող բոլոր հայերին, դա բոլորին է վերաբերում։ Մենք նման դրսևորումները տեսնելու ենք այսօր, վաղը և առաջիկա տարիներին Հայաստանում և սփյուռքում:
- Շարունակում է գործել՝ «չկա հայ, չկա խնդիր» սկզբունքը, որը համահունչ է թուրք-ադրբեջանական մոտեցումներին։
- Մի քանի ամիս առաջ էր, երբ Նախիջևանի ուղղությամբ Սիսիանի հատվածում ադրբեջանցին հայ բնակչի էր սպանել: Հայտնի չէ, թե ինչպես էր հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, հասել Սիսիան, ապա հսկայական ճանապարհ անցնելով՝ հասել Կապան ու սպանել հայ մարդուն: Այս պայմաններում Հայաստանում ապրող որևէ մարդ չի կարող իրեն անվտանգ զգալ:
- Սա, բնականաբար, մարդկանց զգաստացնում է, մարդիկ տեսնում են, որ Հայաստանի Հանրապետությունում պետություն գոյություն չունի:
- Ինչպե՞ս է տեղի ունեցել սահմանի հատումը, ինչպե՞ս են ներթափանցել Հայաստանի տարածքի խորքը, ինչպե՞ս են մարդ սպանել, այս բոլոր հարցերի պատասխանները պետք է տան սահմանապահներն ու իրավապահները, դա նրանց գործն է, մինչդեռ ադրբեջանցիներին բացահայտել են ոչ թե իրավապահները, այլ գյուղի երիտասարդները:
- Իշխանությունները որևէ լուրջ քայլ չեն կատարում, որը ադրբեջանցիների ոտնձգությունները կանխելու հնարավորություն կտա:
- Ժամանակակից աշխարհում պատերազմը բազմաբնույթ է, ուստի Երևանում էլ կա անհանգստություն, որովհետև պատերազմը միայն ճակատում չի լինում: Հայաստանում մարդիկ այսօր պաշտպանված չեն, բացի Նիկոլ Փաշինյանից, նրա ընտանիքի անդամներից ու մերձավոր շրջապատից։ Միայն նրանք են պաշտպանված, և նրանց անվտանգությունն է պետությունն ապահովում:
- Նիկոլ Փաշինյանի համար կարևորը ոչ թե մեր հայրենակիցների անվտանգությունն է, այլ սեփական կաշին, որը փորձում է փրկել անգամ պետությունը տապալելու գնով:
- Երկրում հիմնական ակտիվ ռեսուրսը երիտասարդությունն է, և պատահական չէ, որ իշխանությունը փորձում է կեղծ օրակարգերով զբաղեցնել երիտասարդությանը՝ շեղելով նրանց հիմնական խնդիրներից, ու մարդկանց հեռացնել մեր երկրի համար կարևոր օրակարգերից:
- Չեմ կարծում, որ իշխանությունը կարողանալու է այս իրավիճակը երկար պահել: Երկրում մղձավանջի պայմաններում առկա անբարոյական մթնոլորտը մի կողմից՝ որոշակի ֆոն պահում է, բայց սա մի օր պայթելու է, չգիտեմ՝ ինչ հետևանքների է հանգեցնելու, երկու պետությունների կործանմա՞նը, թե՞ ոչ:
- Երկրի անվտանգության, մեր գլխին կախված սպառնալիքների շուրջ քննարկումներն ավելի շատ հանրային մակարդակում են լինում, այն դեպքում, երբ գոյություն ունի պետություն և հենց պետությունը պետք է ստանձնի որոշակի գործառույթներ, իսկ երբ իշխանությունը հայտարարում է, թե ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում՝ այդ իշխանությունն այլևս անելիք չունի: Այս իշխանությունն Արցախի հարցը ինքնորոշման ճանաչումից վերածել է ադրբեջանական համայնքում առկա խնդիրների:
- Այս իշխանությունների պարագայում խնդրի որևէ ռեալ լուծում չկա, Արցախում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մարդիկ արդեն ծայրահեղ քայլերի են պատրաստ:
- Աղդամ-Ստեփանակերտ երթուղու շահագործումը բերելու է Ադրբեջանից լիարժեք կախվածության, վերահսկողության Արցախի նկատմամբ: Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացնելու, չի բացառվում՝ մասսայական սպանություններ էլ լինեն, հային Արցախից իսպառ վերացնելու համար:
- Հայաստանի գործող իշխանությունների նպատակն է եղել՝ Արցախը ներսից պայթեցնել: Ջանք չեն խնայել Արցախի ներսում պառակտում մտցնելու նպատակով ականներ շարելու համար, ծանր հարված հասցնելով Արցախի հանրությանը:
- Ամեն ինչ անում են, որպեսզի մարդկանց շուրջ համախմբում տեղի չունենա, ներսից պայթեցնեն պրոցեսը: Նիկոլի նպատակն է՝ հենց արցախցիների միջոցով Արցախը վերացնել, որպեսզի հետո ասեն, թե իրենք մեղք չունեն արցախցիներն իրենք են որոշել:
- Իսկ Արցախում կան մարդիկ, որոնց մի մասն անձնական վրեժխնդրության հարց է լուծում, ոմանք Հայաստանի Հանրապետության իշխանություններին ծառայելու մոլուցք ունեն, որոշներն էլ սեփական խնդիրներն են լուծում:
- Շատ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը պատմական նվեր է թուրք-ադրբեջանական տանդեմի համար։ Այն պահին, երբ տեսնում են, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում խնդիրներ կան, և կարող է Նիկոլի իշխանությանը վտանգ սպառնալ, Ադրբեջանը դադար է վերցնում, այնպես, ինչպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղավ, հիմա էլ սպասում են առաջիկայում Երևանի քաղաքապետի ընտրությունների արդյունքներին:
- Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ այս իշխանություններին սպասարկող ցանկացած թեկնածու իր գործունեությամբ նպաստում է Արցախի հանձնմանը և Հայաստանի նկատմամբ այնպիսի վերահսկողության սահմանելուն, որը կհանգեցնի նոր՝ տարածքային և մարդկային կորուստների։ Իսկ այս պայմաններում խաղաղության մասին խոսք լինել չի կարող:
- Այս պայմաններում խաղաղության պայմանագիրը լինելու է տրաֆարետ՝ Հայաստանի գլխին կախված, որի գրված է լինելու՝ «ՎԱՃԱՌՎԱԾ Է», դա լինելու է հայերի գաղթական դառնալու մասին փաստաթուղթ: Սա հայի հետքը մաքրելու մասին փաստաթուղթ է լինելու:
- Դավիթ Տոնոյանը կարծես նպատակ ուներ լեգիտիմացնելու ԱԺ Քննիչ հանձնաժողովում նախկինում լրջագույն հարցերի վերաբերյալ հնչած հայտարարությունները: Շատ ավելի ծանր պատասխան կհնչեցնեի, բայց չեմ ուզում՝ հաշվի առնելով նրա կարգավիճակը:
- Ինչո՞վ է Տոնոյանը տարբերվում Փաշինյանից և փաշինյանական թիմից:
- Եթե մտածում է, թե իր խոսքը ծառայում է ՀՀ-ին կամ ԱՀ-ին, ապա այդպես չէ:
- Իրավական, դատաիրավական համակարգը գտնվում է այս իշխանությունների տոտալ վերահսկողության տակ, լուծում է 44-օրյա պատերազմի հանցագործությունները պարտակելու հարցը:
- Ընդդիմության մասնակցությունը որևէ բան չէր բերելու հայ ժողովրդին, այս ողջ գործընթացը ծառայում է բացառապես մեկ մարդու՝ միայն Փաշինյանին:
- Հետագայում, երբ չի լինի այս իշխանությունը, և կլինի օբյեկտիվ քննություն, ռեալ գնահատականի հիման վրա կկառուցվի պետության անվտանգությունը:
- 2018-ին նրանք, ովքեր պաշտոններ զբաղեցրեցին և հիմա էլ շարունակում են պաշտոնավարել, կրում են այսօր ստեղծված իրավիճակի համար իրենց պատասխանատվությունը:
- Տոնոյանի՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ», հայտարարությունը՝ ԱՄՆ-ում, Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը՝ Ստեփանակերտում, մեծամիտ և պոպուլիստական էին, որոնք արագացրեցին Ադրբեջանի քայլերը հնարավոր ռազմական գործողություններ սկսելու առումով:
- Տղամարդկություն չկա՞ր, որ գիտակցեիք, թե ձեր ասածի հետևանքն ինչ է լինելու:
- ԱԺ Քննիչ հանձնաժողովում Անդրանիկ Քոչարյանը պարզ ասեց, որ Տոնոյանը բոլորի մեղքն իր վրա է վերցրել: Փաշինյանի նպատակն է՝ ուրիշների ձեռքերով մաքրել իրենց մեղքերը, ինչը հաջողությամբ կատարում են:
- Այս Քննիչ հանձնաժողովի նպատակն է՝ դուրս բերել Փաշինյանին պատասխանատվության բեռի տակից և այդ բեռը բաշխել ուրիշների վրա:
- Պաշտպանության նախարարին պատերազմի նախօրեին և դրա ընթացքում՝ արտերկիր և ապա Մեղրի գործուղումների ուղարկելով՝ մի բան է փաստվում, կամ, Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ նախարարը որևէ դեր չի ունեցել, կամ այդ ամենն արել է Պաշտպանության նախարարի գործողությունները ձախողելու նպատակով:
- Պատերազմի ընթացքում կառավարում ասվածը գոյություն չի ունեցել, իսկ դրա բացակայության պայմաններում որևէ պետություն հաղթել չի կարող: Չի եղել նախատեսված մոբիլիզացիան, գործընթացը մահացել էր այն ժամանակ, երբ հայտարարվեց, որ համայնքների ղեկավարները պետք է ջոկատներ հավաքեն ու գնան ճակատ:
- ՍՈՒ-երի մասն իրենք մանիպուլացնում են, բայց խնդիրն այն է, որ նրանք, գիտակցելով, որ ցանկացած պահի կարող է պատերազմ լինել, գնել են ինքնաթիռ, որը համապատասխան զինամթերք չի ունեցել:
- Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովն ուսումնասիրությունների ընթացքում եթե լուրջ փաստեր, որևէ հանցագործություն գտներ, ապա տվյալ մարդիկ անպայման կհայտնվեին ճաղերի ետևում, բայց այնտեղ նման խնդիր չկար, և քննության արդյունքները դարձան ընդամենը զեկույց, որը սարքվել էր Անդրանիկ Քոչարյանի երևակայություններով, որը հետագայում իրական հետևանք չունեցավ:
- Արմեն Աշոտյանին և Գրիգորի Խաչատուրովին փակի տակ պահելով՝ այս իշխանությունները հասարակությանն ազդակներ են հղում, եթե այդ կարգի քաղաքական ու ռազմական գործիչներն են հայտնվում փակի տակ, ապա նույնը սպասվում է մյուսներին:
Մանրամասները՝ տեսանյութում: